Արդեն երկրորդ շաբաթն է՝ Մոսկվայի Դմիտրի Ռոգաչյովի անվան մանկական հեմոտոլոգիական կլինիկայում գտնվող, արյան հիվանդությամբ տառապող պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի բուժման համար նախատեսված գումարը Պաշտպանության նախարարությունը չի փոխանցում:
Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում գտնվող Արթուրի հայրը, ով նշել է, որ տղայի վիճակն այս պահին ևս բժիշկները գնահատում են կայուն ծանր, նա այժմ արհեստական կոմայի մեջ է:
Հիշեցնենք, որ 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ արյան հիվանդություն է հայտնաբերվել: Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում տղայի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը, պատմել էր, որ «թեև Արթուրը գտնվում է 8-րդ հիվանդանոցում, վիճակը բավական ծանր է»: Ծնողները նշում են, որ երիտասարդի հիվանդության ախտորոշումը կատարվել է մեկ ամիս ուշացումով, մինչ այդ նրա մոտ դեղնախտ էին կասկածում: Քոչարյանը պետք է զորացրվեր նոյեմբերի վերջին:
Մոսկվայի կլինկաներից մեկը համաձայնել էր ստանձնել երիտասարդի բուժման պատասխանատվությունը: Բուժման համար 67.000 դոլար էր պահանջվել, որը ծնողների չէին կարողանում գտնել:
«Ամեն օր ասում են՝ այսօր գումարը կփոխանցվի, սակայն օրն ավարտվում է ու պարզվում է՝ գումարը չկա, իսկ հիվանդանոցը գումարին է սպասում: Բժիշկները արդեն մտավախություն ունեն, որ գումարի փոխանցվելու մասին լուրերը կարող են սուտ լինել: Ասում են՝ «մենք արդեն կասկածում ենք, որ իրենք կուղարկեն», ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ այսօր բժիշկների խնդրանքով ինքը զանգահարել է ՊՆ ու զրուցել բուժվարչությունից Արմեն Նազարյանի հետ, ով ասել է, որ այդ հարցով զբաղվում է ՊՆ-ի ֆինանսական բաժինը:
«Գումարի փոխանցման կոնկրետ օր չի ասել, միայն ասել է, որ թղթերը պատրաստ են մոտ օրերս փոխանցումը կլինի: Առայժմ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի», -ասել է հայրը:
Խնդրի շուրջ Еpress.am-ը զրուցել է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ընդգծել է, որ մոտ օրերս գումարը անպայման կփոխանցվի:
«Տվյալ բուժհիմնարկի հետ փաստաթղթաիրավական հարցեր կան, ու գումարի փոխանցման հարցը պրոցեսի մեջ է: Պայմանագիրը կնքված է ու գումարն ամբողջությամբ փոխանցվելու է, ու ինչքան որ գիտեմ՝ փոխանցվելու է ոչ միանվագ», – ասել է Հովհաննիսյանը և ավելացրել, որ ավելի ստույգ ամեն ինչ կասի երկուշաբթի օրը:
Ավելի վաղ Еpress.am-ի հետ զրույցում Քոչարյանն ասել էր, որ թեև իրենց խնդրանքով Մոսկվայում բժիշկները ընդունել էին հիվանդին, սակայն վերջին երկու շաբաթների ընթացքում դժգոհություն էին հայտնել՝ կապված գումարի ուշացման հետ:
«Ասում են՝ քիչ ժամանակ չէ, երկու շաբաթ է, ոչ մի մուծում չեք անում, իսկ մենք բուժում ենք անում», – ասել է զինվորի հայրը:
Հայրը նշել էր, որ նոյեմբերի 23-ի երեկոյան զանգահարել էին Հայաստանից ու հաղորդել, որ Պաշտպանության նախարարությունը փոխանցել է պահանջվող ամբողջ գումարը:
«Տվյալ պահին բուժման համար պահանջվում է 1 միլիոն 700.000 ռուբլի, ու ՊՆ-ից հաղորդել են, որ գումարի հարցը լուծված է: Դե երեկ ուրբաթ էր, այսօր ու վաղը ոչ աշխատանքային են ու իսկությունը պարզ կլինի երկուշաբթի առավոտյան: Իրենք ասում են՝ «կգնաք, կտեսնեք, որ գումարն արդեն նստած է հաշվեհամարին, մնում է 2 օր էլ սպասեմ», – ասել էր Քոչարյանը: