Home / Հայաստան / Ստյոպա Սաֆարյանի դիմումը մերժվել է. Հանձնաժողովը փաստարկներն անհիմն է համարել

Ստյոպա Սաֆարյանի դիմումը մերժվել է. Հանձնաժողովը փաստարկներն անհիմն է համարել

Երևանի թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանաձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում մերժել է այս ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով դեկտեմբերի 2-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը: Վերջինս ԸԸՀ-ին դիմել էր ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Pastinfo.am-ի փոխանցմամբ՝ Հանձնաժողովը հիմնավոր չի համարել դիմումատուի փաստարկներն իր մրցակցի կողմից տվյալ ընտրատարածքում ընտրատեղամասերի թվից` 35-ից, ավելի շատ` 50, նախընտրական շտաբեր ունենալու պնդումները:

Հանձնաժողովի համար ընդունելի չեն եղել նաև Սաֆարյանի մյուս փաստարկներն առ այն, որ նախընտրական քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքների և գովազդային ծառայությունների, այդ թվում՝ փողոցում վահանակների վրա տեղադրված լայնաֆորմատ պաստառների, ինչպես նաև «Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների բոլոր շենքերում, վերելակների ներսում կամ դրանցից դուրս գովազդային վահանակների վրա համատարած փակցված A3 և ավելի մեծ ձևաչափերի նկարների» համար Սարգսյանի ցույց տված փաստացի ծախսերի չափը նվազեցված է և գերազանցում է հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափին:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար մասամբ ընդունելի էր միայն դիմումատուի մատնանշած այն փաստը, որ Սարգսյանը, անտեսելով ԸՕ-ի արգելքը, թիվ 1/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի տեղակայման շենքում ունի նախընտրական շտաբ: Հանձնաժողովականները հայտնեցին, որ իրենք այս խախտումն արձանագրել են, դիմել են թեկնածուին, և նոյեմբերի 22-ից շտաբն այլևս չի գործում: Ինչ վերաբերում է Ս.Սաֆարյանի պնդումներին, թե իրենց կողմից այդ տարածքում այդուհանդերձ ընտրությունների հետ կապված գործունեություն է արձանագրվել, ապա, ըստ հանձնաժողովականների, այդտեղ պարզապես շենքի թոշակառուներն են հավաքվում: