Ոստիկանությունը որևէ անձից կամ բուժհաստատությունից բողոք չի ստացել՝ կապված «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ երեկ տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ երեկ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, թե ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Թերթը նշում է, որ նոյմեբերի 27-ին վիճել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին և գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը:
«Ըստ հրապարակումների` մեքենայի կայանման հետ կապված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի շրջապատի մարդիկ հրազեն են կիրառել և ոտքից վիրավորել Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Էդուարդ Սուքիասյանին, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ hանգուցյալ Սուրեն Սիրունյանի եղբորը (գլխի հատվածում): Նույն հրապարակումների համաձայն` Սերժ Սարգսյանի եղբորորդու վարքն այնքան ագրեսիվ ու ոչ ադեկվատ է եղել, որ տպավորություն է ստեղծվել, թե նա թմրանյութերի ազդեցության տակ է», – գրում է թերթը:
Երեկ, երբ «ՀԺ»-ի թղթակիցը ոստիկանության լրատվական ծառայությունից փորձել է ճշտել՝ արդյոք գործին ընթացք է տրվել, նրան պատասխանել են. «Մենք որևէ անձից դիմում չենք ստացել, դիմում չենք ստացել նաև որևէ բուժհաստատությունից»:
«Լրատվամիջոցների հրապարակումների վրա ոստիկանությունը, փաստորեն, հետաքննություն չի սկսում», – հավելում է թերթը:
Հիշեցնենք, որ նույն օրը՝ նոյեմբերի 27-ի երեկոյան, Նարեկ Սարգսյանը վթարի է ենթարկվել Պռոշյան փողոցի վրա: