Այսօր կայացած թիվ 1 ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրությունների ընթացքում արձանագրվել են ընտրախախտումներ, որոնք հետզհետե զանգվածային ծավալներ են ձեռք բերել: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
«Դեռ մինչև ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից:
Երթուղային ուղեգծերի և տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու` ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաև քվեարկողների ցածր մասնակցություն:
Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն և ավարտ ունեցան ընտրատեղամասերում` հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը:
Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման և ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, և հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ», – ասված է շտաբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան համանքը և Նոր Նորք համայնքի փոքր մասը, առաջադրված էին «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը և ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը: