Այսօր Ավանի տաքսի ծառայությունների հեռախոսավարները պատվերների զանգերին պատասխանել են` «ազատ մեքենա չունեք»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Ավանի բնակիչներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ:
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ այսօր թիվ 1 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ Ավանի տաքսիները, որոնք պատկանում են ՀՀԿ-ական թեկնածուի մերձավորների տաքսի ծառայություններին, հատկացված են եղել ընտրություններ գնացող մարդկանց անվճար սպասարկելու համար: Մեր զրուցակցի խոսքով՝ Ավանի տարբեր շենքերի բակերում տաքսիներ էին գանգնած և առաջարկում էին ընտրության գնացողներին անվճար տանել ընտրատեղամաս:
«Մենք կատակում էինք, թե ով սեփական մեքենայով է գնում, ուրեմն ընդդիմադիր է», – ասել է մեր զրուցակիցը:
Ավանի մեկ այլ բնակիչ պատմել է, որ իրենց տան վրա գրանցված նախկին տերերի անուններն է հայտնաբերել ցուցակներում: Բնակիչն այդ սխալը նկատել էր դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ և դիմել Ստյոպա Սաֆարյանի շտաբին, իսկ Սաֆարյանը շնորհակալություն էր հայտնել և խոստացել զբաղվել խնդրով:
«Այսօր ցուցակում նաև մեր տան նախկին տիրոջ ընտանիքի երեք անդամները, անուներն էր գրանցված մեր տան վրա: Դիմեցինք հանձնաժողովի անդամներին, Սաֆարյանի վստահված անձն ասաց, թե՝ այո, ճիշտ եք` սխալ է, իսկ հանձնաժողովի նախագահն ասաց, թե ցուցակների հարցով անձնագրային բաժինն է զբաղվում և իրենք «կախել են այն, ինչ անձնագրայինը տվել է»», – պատմել է քաղաքացին:
Թիվ 27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մարդկանց Ավանում ընտրատեղամաս են տարել նաև երթուղային մեքենաների շարասյուններով, մի քանի տեղամասերում ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանն ունեցել է երկու վստահված անձ, առկա է եղել նաև թանաքների հայտնի խնդիրը:
«Մարդիկ կային` իրար ասում էին, որ չմոռանան երկրորդ համարին պետք է քվեարկեն, այսինքն` իրենք չէին էլ հիշում՝ ում պետք է ընտրեն: Մի հոգի էլ, երևի չիմանալով, որ ես իրանցից չեմ, ասաց, որ փող են տվել, ինքն էլ ընտրում է», – պատմել է Իոաննիսյանը:
Նա ոստիկանությանը խնդրել է անձին բերման ենթարկել, որից հետո պարզվել է, որ այդ մարդը ևս ոստիկանության սպա էր:
Հիշեցնենք, որ այսօր թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան համանքը և Նոր Նորք համայնքի փոքր մասը, անցկացվում են լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ: Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված են «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը և ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը: