Home / Հայաստան / «Զղջում է արածների համար». մեղադրյալը ցանկանում է հաշտվել իրավապաշտպանի հետ

«Զղջում է արածների համար». մեղադրյալը ցանկանում է հաշտվել իրավապաշտպանի հետ

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի և քաղաքացի Տիգրան Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են իրենք ՝ ամբաստանյալները:

Տիգրան Մանուկյանի փաստաբան Մարինե Թովմասյանը հաշտության գալու կոչ է արել այն բանից հետո, երբ դատավորը մերժել է Մանուկյանին տուժող ճանաչելու մասին իր միջնորդությունը:

 

Տիգրան Մանուկյանը պնդել է, որ ինքը չի հարվածել Վեզիրյանին և տեղյակ չէ՝ ինչպես է այդ օրը վերջինիս աչքի տակ կապտել: Նա ասել է, որ թշնամանք չունի Արմանի դեմ, որ զղջում է իր արածների համար և ցանկանում է հաշտություն կնքել:

Սա այն գործն է, որում կողմերը կարող են հաշտության գալ: Ինչպես ասաց մեղադրողը, վեճը տղամարդկանց միջև առաջացած անհամաձայնության արդյունք էր, և պետք չէ քաղաքական աստառ տալ»,- ասել է Թովմասյանը:

Դատախազը ևս կարծիք է հայտնել, որ կողմերը պետք է հաշտության գան:  Արման Վեզիրյանը, սակայն, ասել է, որ ինքը չի հարվածել Մանուկյանին և հաշտություն կկնքի, եթե Մանուկյանը ներողություն խնդրի իրենից:

Մանուկյանը նաև դժվարացել է հիշել ճակատի ձախ, թե աջ մասում է Վեզիրյանը հարվածել իրեն, ինչը վերջինս հերքում է: Դատախազն ասել է, որ նման մանրուք մոռանալը ոչ թե ստի մասին է վկայում, այլ պայամանավորված է նրանով, որ շատ ժամանակ է անցել դեպքի օրվանից:

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ապրիլի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին: Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան Տիգրան Մանուկյանը, և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նշենք, որ Մանուկյանը բողոքել է միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է: Իրավապաշտպանը հերքում է այդ մեղադրանքը:

Դատը հետաձգվել է: Կողմերը ճառեր կասեն դեկտեմբերի 10-ին նշանակված դատական նիստում: