Թուրքիան տարիօրինակ երկիր է: Այսպես է սկսում իր հոդվածը Today’s Zaman-ի սյունյակագիր Մարգար Եսայանը՝ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի վերջին քվեարկություններից մեկին, որի ընթացքում երկրի օմբուդսմեն է ընտրվել Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուն:
Եսայանը հիշեցնում է, որ Օմերօղլուն 2005 թվականին այն 18 դատավորներից մեկն է եղել, ովքեր հայ-թուրքական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին դատապարտել են 301 հոդվածով (թյուրքականության վիրավորում):
Եսայանն ընդգծում է, որ Թուրքիայում նման հոդվածով մարդուն դատապարտելը նշանակում է նրան ազգայնական խմբերի թիրախ դարձնել: Սյունյակագիրը հիշեցնում է, որ 2007 թվականի հունվարի 19-ին, երբ Օգյուն Սամասթը գնդակահարեց Դինքին՝ հավատալով, որ վերջինս վիրավորում է թյուրքականությունը, Դինքը հենց Վերաքննիչ դատարանի՝ իր դեմ կայացրած վճռի մասին էր գրում:
Եսայանը նշում է, որ ինքն այդ օրերը լավ է հիշում, քանի որ այն ժամանակ «Ակօսի» սյունյակագրերից մեկն էր:
«Մենք բոլորս նյարդային էինք… այդ գործերը մարդկանց դեմ բացվում էին, որպեսզի վարկաբեկեն նրանց և թիրախ դարձնեն: Եվ դատական համակարգն օգտագործվում էր դրան աջակցելու համար», – գրում է Եսայանը:
Նա հիշեցնում է, որ դատաքննության ժամանակ Օմերօղլուին 4 անկախ փորձագիտական զեկույց է ուղարկվել, որտեղ նշվել է, որ Դինքի հոդվածներում թյուրքականությունը վիրավորող ոչինչ չկա, սակայն լրագրողը, միևնույնն է, դատապարտվել է:
Իր վերջին հարցազրույցներում Օմերօղլուն նշել է, որ խնդիր չունի հայազգի քաղաքացիների հետ և ցավում է Դինքի սպանության համար: Բայց Եսայանը նաև ընդգծում է, որ Օմերօղլուն իր որոշումը սխալ չի համարում:
«Դատավորը, ով կանգնած է դատական սպանդի հետևում, ընտրվել է Թուրքիայի օմբուդսմեն: Լավ, իսկ ի՞նչ կարելի է ասել մի խորհրդարանի մտածելակերպի մասին, որն ընտրում է Օմերօղլուին: Արդյո՞ք դա խորհրդարանի պարտքը չէ գիտակցել, որ նման մարդուն օմբուդսմենի պաշտոնը վստահելը նշանակում է վարկաբեկել ժողովրդավարական ինստիտուտի նկատմամբ վստահությունը, որն այդքան կարևոր է Թուրքիայի համար կայացման ներկա փուլում», – եզրափակում է Եսայանը: