Այսօր Ազգային ժողովում 2013 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երկու հարց է ուղղել զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին:
«Ես չեմ կարողանում ստանալ ՀՀ արտաքին պահուստների տեղաբաշխումը արտասահմանում, որի մասին հստակ ակնարկ կար ԿԲ-ի հաշվետվությունում: Սա հենց այն հարցն է, որը հնչում է հայտնի ֆիլմում՝ որտե՞ղ են հանրապետության փողերը: Որտե՞ղ են տեղաբաշխված, ի՞նչ տոկոսով, ի՞նչ եկամտաբերություն է սպասվում 2013-ին: Բացի դա, եթե գաղտնիք չէ, ասե՞ք, ընդհանրապես պատգամավորը իրավասու է ստանալ այդ ստորագրած պաշտոնական թուղթը՝ որտե՞ղ են մեր արտաքին պահուստները: Եվ երկրորդ հարցը. մենք ձեզ հետ միասին մանրամասն քննարկել ենք բյուջեի վիճակը, ուզում եմ ևս մի անգամ փաստեք 4 տրիլիոն 567 միլիարդի մեջ ստվերային տնտեսություն կա՞, թե ոչ: Սա այն ՀՆԱ-ն է, որը նշված է ձեր կողմից ներկայացված բյուջեում», – ասել է Հրանտ Բագրատյանը:
Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, որ ՀՀ արտաքին պահուստները տնօրինում է ԿԲ-ն, որի վերաբերյալ տալիս է հաշվետվություն միջազգային ընդունված ֆորմատով և դրանք համապատասխանորեն բացվում են և տպագրվում են ֆինանսական հաշվետվությունների հաղորդման միջազգային ստանդարտով և ավելի մանմրամասն աուդիտ են անցնում աուդիտորական ընկերությունների կողմից, որոնք ունեն միջազգային ճանաչում, և դա սահմանված է օրենքով:
«Խորհուրդ չի տրվում դրանից ավելի մանրամասն տեղեկատվության բացումը, քանի որ դա կարող է որոշակիորեն առևտրային և այլ բանկային գաղտնքիներ բացահայտել: Կարծում եմ, որ եթե դուք մանրամասնորեն ծանոթանք ԿԲ տվյալ հաշվետվությանը, ապա կտեսնեք, որ ավելի քան մանրամասն բոլոր ակտիվների տեսակետից եկամտաբերության մակարդակները և համապատասխան արժույթներն ու գործիքները բացահայատված են», – ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է 4 տրլիոն 567 միլիարդին, ապա Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ այդ ցուցանիշի մեջ ստվերն ընդգրկված է: