ԱԺ այսօրվա նիստում հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կիրակի Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում կայացած ԱԺ լրացուցիչ ընտրությունները խայտառակություն է անվանել: Հիշեցնենք, որ թիվ 35-ում ընտրվել է ՀՀԿ-ի թեկնածու, գործարար Արման Սահակյանը՝ հավաքելով 13337 ձայն: Մյուս թեկնածուն էր ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը, ով ստացել է 3237 քվե:
«Գյուղերում ներքաշվել էր ամբողջ ուսուցչական համակարգը, դպրոցական համակարգը: Սա ղեկավարվում էր մարզային կրթական բաժնի կողմից, և մարդկանց ստիպելով բերում էին: Նոր տեխնոլոգիա կիրառեցին. iPhone-ներով էին բոլոր վստահված անձերը, և իրենց ծրագրերում կային մասնակիցների ընտրական ցուցակի համարները: Նշում էին, որ համարն է եկել, որ համարը չի եկել, դա անմիջապես հաղորդում էին դուրս, տեղի կազմակերպիչներն այդ մարդկանց ստիպում էին, բերում էին, ում որ պետք չէր, չէին բերում»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ Շիրակի մարզում, որը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, Գյումրիում մարդկանց մասնակցությունը երկու անգամ ցածր էր, քան հարակից գյուղերում: Մանուկյանն ընդգծել է, որ «դա այն Գյումրին է, որ 48 տոկոս աղքատության ցուցանիշ ունի»:
«Եվ էս ժողվուրդը գալիս է, քվեարկում է իշխանությանը՝ չորս անգամ ավելով: Ոչ թե տասը տոկոս, հինգ տոկոս, քսան տոկոս, չորս-հինգ անգամ ավելով: Ասեմ, որ էդ էն ուսուցչությանը, էն խեղճ խավին էնպես ներգրավեցին, էնպես վախացրին, որ ուրիշ տեղ չունեն էս մարդիկ: Եթե չգան, չքվերակեն, ոչ միայն ծնողներին չբերեն, մինչև անգամ աշակերտներին չնեգրավեն այս գործի մեջ, կզրկվեն աշխատանքից: Էդ էն ուսուցչությունն ա, որ տասը տարի առաջ 58 000 աշակերտ ուներ [մարզը], հիմա 32 000 ունի, բայց իրանք քվերակում են իշխանությանը: Էս էն ուսուցչությունն ա… տասնմեկ տարվա ընթացքում մարզում 11 դպրոց փակվել է: Պաշտոնական եմ ասում, հինգ հազար ուսուցիչ էս ընթացքում կրճատվել է: Այսինքն՝ իրանք երջանիկ են, հասկանում եք, կրճատվել են գործից, աղքատության մեջ են, արտագաղթում են, բայց գալիս և քվեարկում են: Գյումրու օդանավակայանից 5000 հոգի էս տարի գնացել է, Գյումրուց ամեն օր երկուսից երեք երթուղային տաքսի գնում է Ռուսաստան: Արտագաղթի էսքան բարձր տոկոս ուրիշ տեղերում չկա, բայց էս մարդիկ երջանիկ են, գալիս են քվեարկում են: Էս ձևի անտրամաբանական բաներ մի արեք», – ասել է Արամ Մանուկյանը: