Հնարավոր է, ամանորից առաջ որոշ պատգամավորներ իրենց վերջին ամսվա աշխատավարձն ամբողջությամբ չստանան, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Խորհրդարանից երեկ հաստատել են թերթի տեղեկություններն այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից պահանջել է հանձնաժողովների անդամ պատգամավորների բացակայությունների ցուցակը։
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե ինչու է նման ցուցակ պահանջել ԱԺ նախագահը, պատասխանել է՝ դա օրենքի պահանջ է։
«Օրենքով մենք ունենք պարտականություն՝ հանձնել դա յուրաքանչյուր ամսվա վերջում», – ասել է Հարությունյանը։
Բայց ԱԺ նախագահն առաջին անգամն է նման ցուցակ պահանջում՝ թղթակցի նկատառմանը Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Բայց մեր պարտականությունն է՝ հանձնել»:
Գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը թերթի թղթակցին հայտնել է, որ հանձնաժողովի նիստերից բացակա պատգամավորների ցուցակն ԱԺ նախագահի անունից բանավոր կարգով են պահանջել և չեն նշել, թե նպատակը որն է։ Գրիգորյանը, սակայն, հիշեցրել է ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ ԱԺ նիստերից, հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին աշխատավարձ չի վճարվում բացակա օրերի համար: