Մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ն հանդիսավոր արարողությամբ տրակտորներ է բաժանել գյուղական համայնքներին, գրում է «Հրապարակը»՝ հիշեցնելով, որ նախընտրական տրակտորներ էին նվիրվել Ուրցաձոր, Սուրենավան, Լուսառատ, Ղավալու գյուղերին։
Թերթն ընդգծում է, սակայն, որ վերջին ամսվա ընթացքում այդ գյուղերում ակտիվորեն խոսվում է, որ բարեգործական կազմակերպություն ԲՀԿ-ն իր նվիրած տրակտորները հետ է տարել։
«Ըստ խոսակցությունների, փոխանցիկ տրակտորներն օրեր անց տեղափոխվել են Գյումրի՝ Բալասանյանին (ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետ ընտրվեց սեպտեմբերին – խմբ.) «աջակցելու»: Ընդ որում, եթե մի քանի գյուղերում մեկը կամ երկուսը թողել են, ապա Ուրցաձորում երկուսն էլ հետ են տարել։ Սա չի հերքել նաև գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը։ Նա նախ հայտնել է, թե ինքը տրակտոր չի տեսել. «Ես ոչ դրանից տեղյակ եմ, ոչ էլ դրանից խաբար եմ»։ Ապա վրդովված հավելել է. «Բերել են, ցուցադրել են, վերցրել-տարել։ Երկուսն էին բերել, ընտրությունները պրծել ա, վերցրել-տարել են։ Ինչի՞ս ա պետք, նախ, էդ տրակտորները մեզ պետք չեն, որ տալիս են, թող համայնքին տան, ոչ թե մեկին տան։ Երբ որ գալիս է էդ պահերը, նոր հիշում են։ Պետք չի»», – նշում է «Հրապարակը»։