Երկու օր առաջ Մոսկվայում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի ընտանիքն այսօր հերթական հայտարարությունն է տարածել, որում շարունակում է մեղադրել Պաշտպանության նախարարությանը:
«Պաշտպանության նախարարությունը երեկ ամբողջ օրը փորձում էր խեղաթյուրել մեր որդու՝ Արթուր Քոչարյանի, հիվանդության և մահվան հետ կապված փաստերը:
Հանցագործների խոսնակի դերը ստանձնած ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ողջ օրը բժշկական տերմիններով լի մեկնաբանություններ էր տալիս, թե իբր ՊՆ-ն չի ուշացրել Արթուրի տեղափոխումը Մոսկվա:
Սա այն դեպքում, երբ մենք մեկ ամիս առաջ ճարահատյալ ստիպված եղանք դիմել «Չենք լռելու» կազմակերպությանը՝ խնդրելով բարձրաձայնել ՊՆ-ի անգործությունը: Մինչ այդ տեսանյութը ՊՆ-ն մեզ արհամարհում էր՝ հորդորելով իրենց վրա հույս չդնել: Հենց այդ շրջանում Մոսկվա չտեղափոխելը ճակատագրական դարձավ Արթուրի համար:
Հատկանշական է, որ «Չենք լռելու»-ի Նարինե և Տիգրան անունով աշխատակիցները մեզ հորդորում էին մի փոքր էլ սպասել և փորձել անաղմուկ լուծել հարցը, սակայն այդ շրջանում ևս մեր բոլոր փորձերը ապարդյուն էին. մեզ գնդակի պես տշում էին կաբինետներով և ասում, որ կարող են օգնել միայն 3 միլիոն դրամի չափով: ՈՒ այսքանից հետո ՊՆ-ի մոտ դեռ ցինիզմ է հերիքում ասել, թե առաջին օրվանից արել են այն, ինչ պետք է անեին, և որևէ բանում մեղադրել իրենց մեղադրողներին: Մեր որդու թաղումը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին:
Չենք դադարելու կրկնել, որ Արթուրի մահը ՊՆ-ի խղճին է», – նշված է Քոչարյանների ընտանիքի տարածած հայտարարության մեջ: