ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին չի մտահագում ԲՀԿ-ի ռազմավարության փոփոխությունը: Այս մասին նա այսօր հայտարարել է ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո:
Լրագրողները հարցրել են վարչապետին, թե արդյոք ինքը տեղյակ է իշխանություններ-ԲՀԿ բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկվում է նաև իր՝ վարչապետ լինել-չլինելու հարցը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրեն նման բանակցությունների փաստը հայտնի չէ, բայց տեղյակ է, որ նման բազմապիսի տեսակետներ և հրապարակումներ եղել են մամուլում: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հանգիստ է մոտենում նման տեսակետներին՝ դրանք համարելով քաղաքական պայքարի անխուսափելի դրսևորում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կարող են զբաղեցնել վարչպետի պաշտոնը:
Տիգրան Սարգսյանը խորհուրդ է տվել լրագրողներին հանգիստ վերաբերվել իր հասցեին հնչող քննադատություններին:
«Ով էլ լինի ՀՀ վարչապետը, նա լինելու է քննադատության թիրախ: Եվ դա բնական է, որովհետև գործադիր իշխանության ղեկավարից են պահանջում բոլոր խնդիրների լուծումը, նրանով են պայմանավորում բոլոր անհաջողությունները կամ հաջողությունները: Ես այս 20 տարվա պատմության մեջ չեմ հիշում որևէ վարչապետի, որին չի քննադատել ընդդիմությունը և որին խնայել է մամուլը: Եվ չեմ հասկանում՝ ինչու այդ երևույթին պետք է վերաբերվեմ շատ ավելի էմոցիոնալ, քան նախորդ վարչապետերն են վերաբերվել», – ասել է Տիգրան Սարգսյանը: