Այսօր ՀՀ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որի մասին տեղեկություններ են տարածվել մամուլում:
«Օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին Երևան քաղաքում կրակոցներ է արձակել և արևմտյան տրիլերին հատուկ իրադարձություններ է հարուցել: Եվ, կարևոր է, որ պարոն Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը չի կարողանում կողմնորոշվել այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումներում և պատասխաններում: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, թե տվյալ դեպքում ինչ գործողություններ է անհրաժեշտ ձեռնարկել: Հարցս հետևյալն է. հստակ տեղեկություններ կարո՞ղ եք տալ այս կապակցությամբ հանրությանը, թե ինչու օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկված չեն», – ասել է Փաշինյանը:
Թովմասյանը տվյալ դեպքի առնչությամբ ընդգծել է, որ պաշտոնական հաղորդագրություն հանցագործության վերաբերյալ չկա, չկա ոչ տուժող, ոչ վկաներ: Նախարարի խոսքով՝ ոստիկանությունը հանրությանը կարող է տրամադրել քրեական գործերի միայն այն մասը, որը գաղտնիք չի պարունակում:
Փաշինյանը նշել է, որ ՀՀ ոստիկանությունից ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան ոչ հերքել, ոչ հաստատել են այդ լուրը: Փաշինյանի խոսքով՝ ոստիկանությունը հեշտությամբ հերքում է մամուլի հրապարակումները, մինչդեռ դրանք կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ:
«Որքան հասկացա, կրակոցների փաստը հաստատում եք, իսկ քանի որ դա Սերժ Սարգսյանին եղբորորդին է, քննության ընթացքը գաղթնի՞ եք պահում», – նախարարին կրկին հարցրել է Փաշինյանը:
Ի պատասխան՝ Թովմասյանն ասել է, որ իր մեկնաբանություններից նման հետևություններ հնարավոր չէր անել: