Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր:
Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2013թ. հոկտեմբերին, Մինսկում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Աշգաբատում տեղի ունեցած այսօրվա գագաթնաժողովի հարկի տակ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: