Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Բրյուսել է ժամանել եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից մեկն է: Այս մասին երեկ Բրյուսելում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշված է ԲՀԿ-ի հաղորդագրության մեջ, միջկուսակցական համագործակցության խորացմանը միտված ծրագրերի քննարկումից զատ կողմերը զրուցել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ:
Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում:
Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին:
Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի` Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Համաձայն հաղորդագրության, փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են և այդ համատեքստում կարևորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը: Ռոկայի խոսքով՝ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով:
Երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Հանդիպման շրջանակներում առաջնային թեման առաջիկա նախագահական ընտրություններն են եղել: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից: