Իշխող Հանրապետական կուսակցությունը ամոթալի է որակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բրյուսելյան հաղորդագրությունը:
Չորեքշաբթի օրը ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածել Բրյուսելում Գագիկ Ծառուկյանի ունեցած պաշտոնական հանդիպումների մասին: Ծառուկյանը, մասնավորապես, եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում լուրջ մեղադրանք էր ներկայացրել գործող իշխանություններին:
«Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը», – ասված էր ԲՀԿ-ի հաղորդագրությունում:
ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հակադարձել է Գագիկ Ծառուկանի այս հայտարարությանը` ասելով, թե իրենք էլ կարող են շատ բան ասել, օրինակ, թե իրականում ինչ են մտածում եվրոպացիները ԲՀԿ-ի և Ծառուկյանի մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք չենք ասում, որ Եվրոպայում, ըստ մեր եվրոպացի գործընկերների կարծիքների, ԲՀԿ-ին դիտարկում են որպես արհեստական ուժ: Մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն հասել է որոշակի հաջողության, կրկին ըստ եվրոպացի պատգամավորների, պոպուլիստական քաղաքականության արդյունքում: Մենք չենք ասում, որ ըստ եվրոպացի որոշ պատգամավորների` ԲՀԿ-ի առաջնորդը ունի բավական թույլ գիտելիքներ կամ պատկերացումներ միջազգային քաղաքականության և առհասարակ ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ», – ասել է Շարմազանովը` շարունակելով. «ԲՀԿ-ն, էլի ըստ մեր եվրոպացի գործընկերների, ոչ թե իրականացնում է պայքար, որը հիմնված է գաղափարական հիմունքների կամ ծրագրերի հիման վրա, այլ ընդամենը իշխանությունը զավթելու: Դա մենք չենք ասում, իրենք են ասում»:
ԲՀԿ-ի տարած հաղորդագրության մեջ մեկ այլ ուշագրավ հատված էլ կա, որտեղ նշվում է, թե Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը ասել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում Ծառուկյանը «կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի նա առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»: Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը առնվազն խոսել է նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին, ինչից հետո էլ եվրոպացի պաշտոնյան նման հայտարարություն է արել: Մինչդեռ պաշտոնական հաղորդագրության մեջ Ծառուկյանի առաջադրման մասին խոսք անգամ չկա:
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր չցանկացավ անդրադառնալ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հայտարարություններին: Սակայն պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ծառուկյանը մինչ օրս հրապարակային չէր խոսում կուռումպացված իշխանությունների մասին և դա արեց միայն Բրյուսելում, ասաց. «Միգուցե համբերության բաժակը լցվեց, միգուցե հույս ուներ, որ մարդիկ իրենք իրենցով կշտկվեն»: