Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ու «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին 2010 թ. ապրիլի 27-ի օրենքը չեղյալ ճանաչելու մասին օրենսդրական փաթեթը, հաղորդում է «Փաստինֆոն»:
Ըստ այդմ, մասնավորապես, 2014 թ. հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել`
– Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության սահմանված հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում,
– Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում,
– ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` կառավարության կողմից սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան:
Ինչպես նախագծերը ներկայացնելիս նշել էր Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, առաջին ընթերցմամբ փաթեթն ընդունվելուց հետո ստացված առաջարկի հիման վրա, հիշյալ վայրերում թույլատրվել է մեկնարկել գործունեությունը 2013թ.-ից: