Այս պահին լուրջ հարց կա՝ արդյոք արժի մասնակցել 2013-ի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու «Դաշնակցությունը» չի կողմնոչրոշվել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2013-ի նախագահական ընտրություններին:
Ռուստամյանը նշել է, որ իրավիճակը 2008-ին և հիմա տարբեր է:
«Այսօր ժողովրդի մոտ չկա վստահություն ընտրությունների հանդեպ», – նշել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ ժողովրդի վստահությունը վերականգնելու մի տարբերակ կա. համախմբվել միասնական քաղաքական օրակարգի շուրջ:
«Եթե բոլորը կարողանան պայմանավորվել օրակարգի շուրջ, ապա առաջնորդի հարցը ինքստինքյան կորոշվի: Իսկ նրանք, ովքեր այդ դեպքում միասնական թեկնածուին դեմ կլինեն… նրանց դիմակը կպատռվի», – նշել է Ռուստամյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ միասնական թեկնածուն կարող է լինել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Ռուստամյանը նշել է, որ դա կարող է լինել յուրաքանչյուրը՝ «անձերի խնդիր չկա»: