Հայ Ազգային Կոնգրեսը յուրաքանչյուր քաղբանտարկյալի համար կռիվ է տալու, այսօր դատախազության առջև ՀԱԿ ակտիվիստների համար անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ու ավելացրել. «Ոչ դատախազի, ոչ նախարարների, ոչ միլպետի, որևէ մեկի մտքով չանցնի, թե մենք երբևէ մի քայլ հետ ենք կանգնելու»:
«Պառլամենտը՝ պառլամենտ, ինչ ուզում ա լինի, բայց ժողովուրդը փողոցում է ուժեղ, մենք ձեզնով ենք ուժեք, մեր պայքարը մենակ էստեղ է, մենակ հրապարակներում է, և բոլորին խնդրում եմ մասնակցել ամսի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթին»,- ասել է Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ կարևոր չէ՝ իրենք (ՀԱԿ-ի պատգամավորներ – խմբ.) ԱԺ-ում 7 հոգի լինեն, թե 70, միևնույնն է՝ իրենց գործը անելու են:
Արամ Մանուկյանը նշել է, որ վերջին 2 շաբաթվա մեջ իրենք միայն հաջողություններ են արձանագրել. 4 խմբակցությունները 100 տոկոսով կողմ են քվեարկել այն բոլոր նախագծերին, որոնք ՀԱԿ-ը ներկայացրել է: Պատգամավորը հույս է հայտնել, որ առաջիկայում էլ դա կշարունակվի:
Մանուկյանի խոսքով՝ այսօր Եվրոպայում էլ են սկսել մտածել, որ Հայաստանի իշխանությունների հետ գործ ունենալը վտանգավոր է:
«էդպես չի լինում, էդ ձևի երկիր աշխարհի վրա չկա, որ էդ երկրում արտագաղթում են, էդ երկրում տնտեսությունը կործանվում է, ու ժողովուրդը գնում է, էդ երկիրը կործանող իշխանությանը ձայն ա տալիս. սա պայթելու է: Սա գործընթաց է, որը չի կարող երկար շարունակվել: Կանգնելու է ու հակառակն է պտտվելու, և Աստված տա՝ էդ հակառակը լինի փետրվարին, մենք էդ ուղղությամբ աշխատում ենք, ինչքն որ ուժ, եռանդ, նվիրվածություն ունենք, ուզում ենք, որ միասնական դաշտով միասնական թեկնածու ունենանք, կստացվի՝ արտագաղթը կկանգնի և քաղաքացին հույս կունենա, չի ստացվի՝ Աստված գիտի, թե ինչ կլինի, մենք լավատես ենք ուզում ենք, որ էդպես լինի»,- ասել է Արամ Մանուկյանը: