Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու ընդդիմադիր ուժերի բանակցությունները որոշիչ դեր են ունենալու, և դրանց տապալվելու դեպքում ժողովուրդը ուղղակի չի գա ընտրության:
«Եթե մենք համաձայնության գանք ծրագրի կամ, ինչպես ՀՅԴ-ն է ասում, ճանապարհային քարտեզ ստեղծելու հարցում, թեկնածու ընտրելու հարցը հեշտանալու է: Այս երկու հարցերի հերթականությունը չի կարելի խախտել: Գիտեք մեզ համար հե՞շտ է իրար հետ նույն սեղանի շուրջ: Մեկի հանդեպ սիմպատիա ունեմ, մեկի հանդեպ՝ ոչ: Մենք շատ կոմպլեքսներ ենք հաղթարարել»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ասել է Արամ Մանուկյանը:
Գնահատական տալով ԱԺ նստաշրջանին՝ Մանուկյանը ասել է, որ ընդդիմությանը ԱԺ-ում հաջողվել է ապացուցել՝ ՀՀԿ-ն չի ցանկանում որևէ փոփոխություն, քանի որ ընդդիմության առաջարկած բոլոր օրենսդրական նախագծերի դեմ է քվեարկել, այդ թվում՝ հակամենաշնորհային գործունեության վերաբերյալ ծրագրիին, և հրաժարվում է քննարկել ՀԱԿ-ի դիմումը Սահմանադրական դատարան:
Նստաշրջանի երկորդ դրական հատկանիշը, ըստ Մանուկյանի, այն է, որ վերջապես ԱԺ-ից «խորհրդարանի հոտ է սկսել գալ»:
«ԱԺ-ում ակտիվ քաղաքական մթնոլորտ է, վերջին 10 տարում նման բան չէր եղել: Չի եղել, որ իրենց օրինագծերը 5-6 ձայնի տարբերությամբ անցկացնեն»,- ասել է Մանուկյանը: