Home / Հայաստան / Ծառուկյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու դառնալն անհնար է. Զարուհի Փոստանջյան

Ծառուկյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու դառնալն անհնար է. Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անհնար է համարում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմության միասնական թեկնածու դառնալը: Այս մասին նա ասել է այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ինձ համար նա կերպարանավորում է «օլիգարխիա» հասկացությունը: Ես նրան չեմ տարանջատում Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից: Ծառուկյանը բետոնաշաղախողի սեփականատիրոջ հոգեկերտվածք ունի», – ասել է Փոստանջյանը:

Պատգտամավորը հրաժարվել է մեկնաբանել Ծառուկյանի բրյուսելյան այցը և այնտեղ արված հայտարարությունները՝ նշելով, որ ինքը այցեր չի մեկնաբանում և կցանկանար տեսնել Ծառուկյանին Ազգային Ժողովում կարծիք հայտնելիս:

Փոստանջյանը Ծառուկյանին հորդորել է միանալ «Ժառանգություն»  խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, եթե ինքը, ինչպես ասում է, «գնահատում է մարդկային արժանապատվությունը»:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը նաև բացառել է, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ նա «Հայաստանի, սփյուռքի, Ջավախքի և Արցախի միասնական թեկնածուն է»:

Լրագրողի հարցին՝ որքանով են ճիշտ մամուլում շրջանառվող լուրերը, թե Փոստանջյանն ուղորդվում է Բաղրամյան 26-ից (նախագահի նստավայր), պատգամավորը պատասխանել է, որ ինքն ընդհանրապես դեմ է նախագահական համակարգին և կցանկանար, որ նախագահի նստավայրը, ինչպես նաև ԱԱԾ-ի շենքը վերածվեին թանգարանի: