«Ո՞վ են Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան կամ Վիդալ Քուադրիսը, որ իմ կամ իմ հայրենակիցների փոխարեն մի քանի րոպեանոց զրույցով որոշեն, թե Հայաստանի՝ իմ համայն հայության համար ով է նախագահի հիանալի թեկնածուն», – այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Բրյուսելում Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ վերջինս առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հիանալի թեկնածու լինել, քանի որ «առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»:
«Ես համոզված եմ, եթե նրանք (եվրոպացի չինովնիկները – խմբ.) նույն կերպ զրուցեին էպոսագետի (նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյան – խմբ.) կամ Տիգրան Կարապետիչի (Ժողովրդական կուսակցության ղեկավար, «ԱԼՄ» հոլդինգի տնօրեն – խմբ.) հետ, ապա ավելի հիացած կմնային: Դե մեր անզուգական, «խարիզմատիկ» մարքսիստի (Դավիթ Հակոբյան – խմբ.) մասին էլ չեմ խոսում, որն իր ժեստիկուլյացիայով և դիմախաղով կհիպնոսացներ այդ եվրոյոնջաներին, որոնք Տիզբոնի՝ կներեք, Եվրոպական խորհրդարանի տասնյակի հասնող արարողակարգային տեղակալներից մեկն են, որոնք ուրախանում են երբ իրենց կոնյակ են հյուրասիրում…», – գրել է Ռոբերտ Մելքոնյանմ ու եզրափակել. «Հետո ինչ, որ իմ նշած թեկնածուները եվրոյոնջա հնձելու տրակտոր չունեն…, բա նրանց ինտելե՞կտը… Գուցե նրանք ավելի հիասքանչ են, հիանալի ու աննման…Հետո, հաստատ նրանք էլ գիտեն կոռուպցիա բառը…»: