Երեկ վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակված Շամամ Հարությունյանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ քույրն է: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Մինչ այդ Շամամ Հարությունյանը նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր:
«Նախագահական ընտրություններից առաջ Շամամ (ավելի հաճախ հանդես է գալիս Սոնա անունով) Հարությունյանի այս առաջխաղացումը հայ իրականության մեջ չպետք է արտառոց երևույթ համարել: Շամամ Հարությունյանի կենսագրության ուշագրավ հատվածներից կարելի է համարել այն, որ նա 13-ից մինչև 16 տարեկանը հարազատ Գեղաշեն գյուղում կոլտնտեսական է եղել, իսկ 1986 թվականին նշանակվել է նույն գյուղի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հարազատ պարտիայի ղեկավարած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 1991 թվականին պաշտոն է ստացել Կոտայքի շրջխորհրդի գործկոմում, որտեղից էլ սկսվել է նրա կարիերան արդեն նոր` կապիտալիստական Հայաստանում», – գրում է «ՀԺ»-ն: