Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն այս պահին պատրաստում է Սահմանդրական դատարան ուղարկվելիք դիմումը, ինչպես նաև Մարդու իրավունքերի Եվրոպական դատարան ուղարկվելիք գործը: Այս մասին նա ասել է Еpress.am-ի հետ զրույցում:
Սաֆարյանը դիմել էր ԿԸՀ՝ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ Ռոբերտ Սարգսյանի ու Էդուարդ Պետրոսյանի հայտարարագրերը ստանալու դիմումով, և այսօր ԿԸՀ-ից տեղեկացել է, որ կարող է վերցնել դրանց օրինակները:
«Քիչ առաջ դրանք ինձ տրվել են: Միաժամանակ հարցումներ են արվել մասնավոր կազմակերպություններին, Երևանի քաղաքապետարանին, որոնք վերաբերում են ընտրություններում համատիրությունների ներգրավվածությանը, ընտրությունների օրը «Z», «Միլենա», «Էլենա» տաքսի ծառայությունների մատուցած ծառայություններին, ինչպես նաև հարցումներ են ուղարկվել Կապի և տրսանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ թիվ 5, 15, 32 և 63 երթուղային տաքսիների պատկանելության վերաբերյալ», – ասել է Սաֆարյանը:
Նա նաև նշել է, որ մի շարք հարցումներ են արվել Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանին ու Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ոլիխանյանին՝ ընտրություններին համատիրությունների ներգրավվածության՝ մասնավորապես՝ շենքերում ու վերելակներում համատիրությունների օգնությամբ նախընտրական պաստառներ կնքելու վերաբերյալ:
«Մենք սպասում ենք պատասխանի նաև ոստիկանությունից՝ ընտրողների ցուցակը չտրամադելու, ինչպես նաև Վարչական դատարանում իմ գործը չքննելու ու իրավունքի այլ խախտումների վերաբերյալ, որոնք էական են եղել թե իմ, թե ընտրությունների համար, բոլորը բողոքարկվելու են: Պաշտոնական բացատրություններ ստանալուց հետո այս բոլորն ուղարկելու ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան», – պատմել է Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, ստացել է 18 805 ձայն, «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը՝ 3680 ձայն, իսկ ՀԺԿ-ական Էդուարդ Պետրոսյանը՝ 461 ձայն: