ԲՀԿ-ի այցը Բրյուսել անհրաժեշտ էր, նախ` որպեսզի ԲՀԿ-ն ներկայացնի իր տեսկետները երկրի ներկայի ու ապագայի մասին, երկրորդ՝ որպեսզի Եվրոպական Միությունը՝ ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդունի որպես հուսալի գործընկեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանը:
«Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» և ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ: Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն ինչ պատասխանատվություն կարող է վերցնել իր վրա ոչ միայն օգնելու ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրերի բանակցությունների փուլը, այլև անցնելու դրանց գործնական կիրառմանը:
«Բարգավաճ Հայաստանին» հիմնականում հետաքրքրում էր, թե որն է Եվրոպական Միության անկեղծ և օբյեկտիվ գնահատականը Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ-ի հետ ծրագրերի հարցում: ԲՀԿ-ին նաև հետաքրքրում էր, թե ինչ կարելի է անել, որ այդ համագործակցությունը միայն թղթի վրա չլինի, այլ որ պահպանվեն ձեռք բերվող պայմանավորվածությունների տառն ու ոգին: Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները»,- գրել է Օսկանյանը: