2010 թվականից լեյկոզով տառապող 22-ամյա Նելլի Ադամյանը, ով ապրիլի 15-ից բուժվում է Բուռնազյանի անվան Մոսկովյան Դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնում, քիմիոթերապիայի 3-րդ կուրսն անցնելուց հետո իրեն լավ է զգում և ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատության կարիք այլևս չկա: Այս մասին այսօր Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նելլիի քույրը՝ Նունեն:
«Բուժումը արդյունք տվեց, ու բժիշկների խոսքով՝ «վիրահատության կարիք այևս չկա»: Կամ ոսկրածուծի փոխպատվաստում պետք է արվեր, կամ հենց իր առողջ բջիջներից պետք է վերցնեին ու ներարկեին իրեն», – պատմել է Նունեն:
Նրա խոսքով՝ արդեն մեկ ամիս է, ինչ որոշվել է Նելլիի հետագա բուժումը շարունակել դեղամիջոցներով:
«Նելլին ամեն օր դեղեր է ընդունում, իսկ շաբաթը մեկ անգամ ներերակային սրսկում է անհրաժեշտ, ու այս ամբողջը կտևի 2 տարի, ու եթե Աստված կամենա՝ հիվանդությունը գլուխ չբարձրացնի, այնուհետ՝ կես տարին մեկ անգամ պետք է գնա Մոսկվա՝ անալիզներ հանձնելու: Եթե 5 տարվա ընթացքում չկրկնվի, ուրեմն Նելլին լիովին բուժված կհամարվի», – պատմել է Նունեն:
Նա նաև նշել է, որ իրենք երախտապարտ են բոլոր բժիշկներին, ովքեր այս ամբողջ ընթացքում իրականացրել են Նելլիի բուժումը:
«Հուսանք, որ հետագա բուժման ընթացքում հիվանդությունը գլուխ չի բարձրացնի ու քույրս առջողջ կվերադառնա տուն», – եզրափակել է Նունեն:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Նելլիի հարազատները հաշվի համար էին բացել՝ խնդրելով մարդկանց օգնել հավաքել բուժման և վիրահատության համար անհրաժեշտ գումարը, որը կազմում էր մոտ 135 հազար դոլար:
Helpnelli.info կայքում յուրաքանչյուրը կարող էր հետևել Նելլիի բուժման ընթացքին: Համաձայն կայքի, հնարավոր է եղել հավաքել մոտ 60 հազար դոլար: