ՀԱԿ-ում գրեթե պայթյունավտանգ վիճակ է, և եթե դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի առաջադրվում, և իրենք պաշտպանում են ԲՀԿ առաջնորդի թեկնածությունը, ապա կկազմաքանդվի ոչ միայն ՀԱԿ-ն ինքնին, այլև վերջինիս խորհրդարանական ֆրակցիան ևս: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով ՀԱԿ-ում իր աղբյուրներին:
«Բանն այն է, որ առաջիկայում առանձին համագումար է անցկացնելու նաև Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, որն էլ խիստ մտածված պետք է ընթանա ՀՀՇ համագումարի հաջորդ օրը` դեկտեմբերի 23-ին: Եվ եթե զարգացումներն ընթանան վերոնշյալ սցենարով, ապա չի բացառվում, որ համագումարի ընթացքում Հրանտ Բագրատյանը հայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու, ինչպես նաև իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, որի դեպքում, ըստ մեր զրուցակիցների, հնարավոր է նաև Նիկոլ Փաշինյանի միացումն արևմտյան բևեռ ուրվագծող այդ առանցքի շուրջ», – գրում է «Հրապարակը»:
Թերթի զրուցակիցները չեն բացառել նաև ինչպես Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, այնպես էլ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքի» և ՀԱԿ-ից դուրս եկած ու դուրս գալու պատրաստ մնացյալ կուսակցությունների, և անգամ «Ազատ դեմոկրատների» միացումն այդ ալյանսին: