Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանը:
Նշենք, որ նոյեմբերին Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի անդամ, փաստաբան Անի Թորոսյանը պատմել էր, որ նոյեմբերի 15-ին իր պաշտպանյալ, 31-ամյա Մհեր Անդրեասյանին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում 7 ոստիկաններ դաժան ծեծի էին ենթարկել:
Ծեծված վիճակում Մհերին տեսել էր մայրը՝ Ոսկի Գևորգյանը: Մեզ հետ զրույցում նա նշել էր, որ սկզբում չէր ճանաչել որդուն:
««Մամ, չես ճանաչո՞ւմ» ասելուց հետո հասկացա, որ ծեծվածը Մհերն է», – պատմել էր Գևորգյանը:
Նշենք, որ Մեհրաբյանը Նոր Նորքի ոստիկանության պետ էր նշանակվել երկու ամիս առաջ՝ մինչ այդ զբաղեցնելով Արաբկիրի բաժնի պետի պաշտոնը: