Հայ Ազգային Կոնգրեսը 2008 թվականից սկսած ամեն տարի մարդու իրավունքների պաշտպանության օրը` դեկտեմբերի 10-ին, երթ է անցկացնում: Այսօր երթի մասնակիցները հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղ ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախագիծ է ներկայացրել:
«Այս օրը մենք մեր ժողովրդին և միջազգային հանրությանը հայտնում ենք ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների ներկա իրավիճակի և մեր հետագա անելիքների մասին: Ըստ այդմ, այդ ասպարեզում մենք արձանագրում ենք Հայաստանի ժողովրդավարացման հետևյալ ամենացավոտ խնդիրները. առաջին՝ Հայաստանի իշխող ռեժիմը արդեն մեկ տարի և չորս ամիս անազատության մեջ է պահում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, և ևս երեք ակիվիստներ՝ Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևրոգյանը և Դավիթ Քիրամիջյանը, նույնպես կազատազրկվեն, եթե Սերժ Սարգսյանը հրամայի իր կամակատար Վճռաբեկ դատարանին ուժի մեջ թողնել առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների, իսկ իրականում՝ Սերժ Սարգսյանի ապօրինի դատավճիռները:
Այսօրվա երթի մասնակիցների անունից պահանջում ենք անհապաղ ազատություն տալ իրենց երազած Հայաստանի համար պայքարող մեր երիտասարդներին», – ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ կետը վերաբերում է նրան, որ Հայաստանի իշխանությունները, ստեղծելով ընտրակաշառքի բաժանման, ընտրողների ահաբեկման և բազմակի քվեարկության լայնածավալ խախտումների պետականորեն կազամկերպված մեքենա, շարունակում են մերժել հայ ժողովրդի` սեփական իշխանություն ընտրելու իրավունքը և պատրաստվում են լայնածավալ ընտրակեղծքիների նախագահական ընտրություներին:
«Հաջորդ կետը վերաբերում է նրան, որ հեռուստատեսությունները շարունակում են մնալ Սերժ Սարգսյանի ռեժիմի վերահսկողության ներքո՝ ոտնահարելով ազատ խոսքի և ազատորեն տեղեկութուններ ստանալու ժողովրդի իրավունքը և մերժվում է մեր քաղաքացիների կյանքի իրավունքը:
2008 թվականի մարտի 1-ին մեր քաղաքացիներին ուղղակի գնդակահարեցին այս իշխանությունները, իսկ հետո 5 տարի շարունակ կոծկել են կամ պարտակել են այդ հանցագործությունը: Մինչև այսօր ոչ ոք դրա համար չի պատժվել: Եվ ահա այս չորսն ամենակարևորն են, ամենացավոտն են, և մենք այսօր սրանք ներկայացնելու ենք ԵԽ-ին՝ պահանջելով ԵԽ-ն, միջազգային հանրությունն ամեն ինչ անի, որ Հայաստանի իշխանությունները մարդու իրավունքների բնագավառում կատարեն իրենց բոլոր պարտավորությունները», – ասել է ՀԱԿ համակարգողը:
Երթի մասնակիցները շարժվել են Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող ԵԽ-ի գրասնեյակ և հանձնել նամակը: Երթի ընթացքում մասնակիցները վանկարկել են բազմաթիվ կարգախոսներ, մասնավորապես, «Լևոն նախագահ», «Սերժիկ հեռացիր», «Անսերժ, անռոբ Հայաստան»: