Ամանորից առաջ երշիկեղեն արտադրողների արտադրանքն անորակ կամ վատորակ հայտարարելն արդեն իսկ տարօրինակ է, այսօրվա իր համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ անդրադառնալով երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հրապարակած որոշմանը, համաձայն որի մի շարք տնտեսվարողներ տուգանվել են անօրակ արտադրանքի համար:
«Աոավել տարօրինակ է, որ դրանց բաղադրությունը ստուգվել է ոչ թե հատուկ լաբորատորիայում, այլ ընկերությունների` հումքի գնման փաստաթղթերի հիման վրա իրականացված տնտեսագիտական հաշվարկներով», – գրում է «ՀԺ»-ի վերլուծաբան Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ տուգանվողները միջին և փոքր ձեռնարկություններ են:
Նա ընդգծում է, որ ՏՄՊՊՀ-ն պարզապես հաշվարկել է, թե որքան միս է գնել այդ ընկերությունը, որքան սոյա և այլն, միջինացրել ու որոշել, որ նրա արտադրանքի մեջ սոյան շատ է:
«Իհարկե, օրենսդրությամբ ՏՄՊՊՀ-ն ունի այդ իրավունքը, բայց այստեղ խնդիրն այլ է: Փոքր և միջին ընկերությունները չեն դիմանում մրցակցությանը և իրենց փաստաթղթային ձևակերպումներում ստիպված են որոշակի «ճշգրտումներ» անել: Եթե որևէ ոլորտում խոշոր ընկերություններն իրենց արտադրանքի մի զգալի մասը ստվերում են պահում, ապա նույնչափ ավելի ստվեր պետք է ունենան նաև փոքրերն ու միջինները, հակառակ դեպքում՝ հաշված ժամերի ընթացքում կսնանկանան: Ուրեմն, ամենևին էլ պետք չէ բացառել, որ նշված 21 ընկերությունները երշիկեղենի արտադրության համար գնած բաղադրիչների ծավալների ձևակերպումների մեջ փոփոխություններ են արել: Օրինակ, գոմեշի միսը վաճառելիս՝ այդ ապրանքը ներկրող օլիգարխն առաքման փաստաթուղթ չի տրամադրել: Եվ նրանք ստիպված են եղել ծախսերը հակայինին ցույց տալու համար ձևակերպել, թե սոյա, ալյուր կամ սպիտակաձավար են ձեռք բերել: Հնարավո՞ր է: Իհարկե, հնարավոր է», – գրում է վերլուծաբանը: