Անուշ Խեչումյանը պահանջում է իրեն զրկել ՀՀ քաղաքացիությունից և արտաքսել երկրից, քանի որ ինքը չի ուզում ապրել մի երկրում, որտեղ մարդկանց մուրացկան են սարքում: Կինը այսպես է արտահայտել իր հուսահատությունը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում: Նա պատմել է, որ նրա զույգ թոռնիկներից մեկը 7 ամսականում մահացել է սովից:
«Երեխաները միանգամայն առողջ են ծնվել: Միանվագ 480.000 դրամ պիտի տրամադրեին երեխաների համար: Հարսս Աշտարակից է, էնտեղ է գրանցված: Վեց ամիս քաշ տվեցին Երևան-Աշտարակ, ասում էին պետք է գրանցվենք Արցախ փողոցում, իսկ այդտեղ չէին գրանցում: Ասում էին մի բարեկամ ճարեք ու նրա տանը գրանցվեք: Բայց որտեղի՞ց ճարենք: Մի խոսքով՝ այդքան քաշքշեցին, ու պարտքերի մեջ ընկանք: Հետո տվեցին, ու պատրքերը փակեցինք ու անգամ մանկական կերի փող չմնաց: Զույգերից Ռիչարդը մի օր առավոտյան չէր արթնանում, հասկացանք, որ ուշաթափված է»,- ասել է տիկին Անուշը:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 40.000 դրամ էին պահանջել բուժումը սկսելուց առաջ: Բժիշկներից մեկը խղճացել է ու մուծել 40.000 դրամը պարտքով: Բայց արդեն երեխային փրկել հնարավոր չի եղել: 10 օր կոմայի մեջ մնալուց հետո՝ երեխան մահացել է: Բժիշկներն ասել են ՝ սննդազրկվել է:
«Ինչքա՞ն կարելի է դիմանալ, ինչքա՞ն կարելի է ստրուկի պես ապրել էս երկրում: Ինչո՞ւ են մեր փողերը թալանում, թալանած փողերով ճաշարաններ բացում ու մեզ ասում՝ եկեք մեր եփած լափը կերեք, որ չմեռնեք: Ինչո՞ւ են պետության ողորմած նպաստներով մեզ մուրացկաններ սարքում: Ինձ աշխատանք տվեք, որ ես իմ արժանապատվությունը ձեր ոտքերի առաջ դնելով` ձեր ողորմությունը չստանամ: Ամուսնուս ու որդուս աշխատանք տվեք, որ երեխաները սովից չմեռնեն: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին ստրուկի պես պահել, ողորմությունները բաժանել ու ընտրությունների ժամանակ բերման ենթարկել: … Իմ ընտանիքը մուրացկան չէ, իմ երեխաները հպարտ ու արժանապատիվ մարդիկ են: Իմ երեխաները միայն աշխատանքով վաստակած հաց են ուտում, ինձ պետք չի ձեր ողորմությունն ու անաշխատ փողերը: Առաջ գործարաններում աշխատում էինք, մինիստրները գալիս` բանվորներին ձեռքով բարևում էին: Ասում էին՝ ո՞վ ենք մենք` առանց ժողովրդի»,- ասել է Անուշ Խեչումյանը: