Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական նիստ քաղաքացի Գարիկ Հարությունյանի և Հրաչյա Գևորգյանի դեմ: Գործը հարուցվել է Գևորգյանի հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանի բողոքի հիման վրա:
Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրային և նրա անչափահաս որդուն, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Ս.Հարությունյանից հարկադրաբար պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:
Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ կինը գործ է «սարքում» իր փաստացի ամուսնու դեմ՝ իր բազում պարտքերը մարելուց խուսափելու համար:
Հրաչյայի մայրը՝ Նաշխուն Ենգիբարյանը, պատմել է, որ ամուսնացած և երեխա ունեցող Նաիրա Հարությունյանը հեռախոսով ծանոթացել է ազատազրկման մեջ գտնվող իր որդու հետ, գնացել է նրա հետ երկարաժամկետ տեսակցության կալանավայրում, իսկ դրանից հետո որդու հետ ապրել է Գևորգյանների տանը, իրեն էլ «մամա» է ասել: Հրաչյայի ազատ արձակվելուց հետո՝ նրանք միասին նույն տանն են ապրել: Սակայն շուտով սկսվել են վեճեր, քանի որ տարբեր մարդիկ եկել, փող են պահանջել Հրաչյայից՝ ասելով, որ Նաիրան իր անունից պարտք է արել՝ խոստանալով, որ ազատվելուց հետո նա այդ պարտքերը կմարի:
«Հրաչը հարցնում էր՝ ի՞նչ փող ես վերցրել, ի՞նչ ես արել: Նաիրան ասում էր, որ իր հորն է տվել գումարը: Հրաչյան ասում էր՝ դե թող հայրդ էլ պարտքերը փակի: Դա չանելու համար Նաիրան այդ գործը սարքեց որդուս գլխին»,- ասել է տիկին Ենգիբարյանը:
Մի օր էլ Հրաչյային ձերբակալելու են եկել 30 ոստիկաններ: Մոր խոսքով՝ որդուն տարել, ծեծել են, կոտրել ձեռքը: Որպես բողոքի նշան՝ կալանավայրում Հրաչյան 5 մեխ է կուլ տվել, մի քանի անգամ հացադուլ է արել:
Այսօրվա նիստում հարցաքննվել է նաև Նաիրայի հարևանուհի Զարուհի Շահմուրադյանը, ով կնոջ խնդրանքով հեռախոսազրույցներ է ունեցել կալանավայրում գտվող Հրաչյաի հետ: «Նաիրան ասում էր՝ «Հրաչյան իր երեխաներին կպահի»: Ասում էր՝ «Ես առանց Հրաչի մի րոպե չեմ կարող ապրել», ասում էր՝ «Արի գաղութ գնանք, վկա կանգնի մեր ամուսնությանը»: Ես ասում էի՝ հո գիժ չե՞ս, դու ամուսնացած ես ուրիշի հետ»,- պատմել է վկան:
Ըստ նրա՝ Հրաչյան մի անգամ իրենից պատքով փող վերցրել է, սակայն այդ պարտքը մարել է: Հետո էլ նվերներ է ուղարկել և Նաիրային, և իրեն: Ըստ Շահմուրադյանի՝ Հրաչյան և շորեր, և փող, և ուտելիք է ուղարկել իր ընկերուհի Նաիրային:
Շահմուրադյանը նաև հերքել է, թե ինքը ցուցմունք է տվել այն մասին, որ Հրաչյան սպառնացել է Նաիրային հրապարակել իրեն բանտ ուղարկված մերկ լուսանկարները, եթե Նաիրան իր պատքերը չմարի: Շահմուրադյանը վրդովված ասել է, որ նման բան է մեղադրականում հայտվել որպես, իբր, իր ցուցմունք:
Այսօր հարցաքննվել են նաև երկու բուժաշխատողներ, ովքեր, իբր, ցուցմունք էին տվել, թե Հրաչյան՝ մեխերը կուլ տալուց հետո հիվանդանոց տեղափոխվելով, հարձակվել է ոստիկանների վրա և հայհոյել նրանց: Այսօր նիստին բուժաշխատողներից մեկը նույնիսկ չի ճանաչել Հրաչյային: Վերջինս էլ ասել է, որ ինքը չէր կարող հարձակվել ոստիկանների վրա, քանի որ ձեռքերը կապված են եղել:
Նշենք, որ ամբաստանյալին մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում: