Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու և ոչ մի թեկնածուի չսատարելու մասին որոշումը ԲՀԿ-ից կորզվել է, և դրանից հասարակությունը չի շահելու: Այս մասին այսօր ՀՀԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների մասնակցությամբ քննարկմանը հայտարարել է «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տվյալ որոշումն աննախադեպ է, քանի որ երկրի երկրորդ ամենաուժեղ կուսակցությունը ոչ միայն չի մասնակցելու, այլև չի սատարելու ոչ մի թեկնածուի, մինչդեռ որևէ թեկնածություն պաշտոնապես չի առաջադրվել:
Ըստ Սաֆարյանի՝ նման որոշմամբ ԲՀԿ-ն մարդկանց կոչ է անում «տնից դուրս չգալ» և ընտրություններին չմասնակցել:
Սաֆարյանը ստեղծված քաղաքական իրավիճակը ևս աննախպադեպ է համարում, քանի որ ուժերը 2 խմբի են բաժանվել՝ նրանց, ովքեր կողմ են մասնակցության, և նրանց, ովքեր դեմ են:
Լինելով մասնակցող ուժի անդամ՝ Սաֆարյանն ասել է, որ հասկանում է նաև բոյկոտողներին՝ հաշվի առնելով թիվ 1 ընտրատարածքում իր ունեցած փորձը, որն ապացուցեց, որ ընտրությունների միջոցով արդյունքի հասնել անհնար է: