Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 7.5 մլն դրամ, որով հնարավոր կլինի նախարարությունում տպագրել կենսաչափական դիվանագիտական անձնագրեր։ Այս առնչությամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է օտարերկրյա պետություններում էլեկտրոնային անձնագրի համար պահպանել 65 հազար դրամ դրույքաչափը, իսկ 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու պետտուրքը սահմանել 30 հազար դրամ։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Մեկ այլ որոշման փոփոխմամբ գործադիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հնարավորություն է տվել օգտվելու ՀՀ քաղաքացիների անձնագրերի տեղեկատվական շտեմարանից, ինչն անհրաժեշտ է նախաստորագրված ռեադմիսիոն համաձայնագրով սահմանված ժամկետներում հետընդունման հայցերին պատասխանելու համար, հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: