Այսօր, երբ կառավարության նիստից հետո ՀՀ Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դուրս է եկել կառավարության շենքից, ակտիվիստ Վարդգես Գասպարին նրան դիմավորել է «Աշոտյան` սրիկա» վանկարկումներով: Աշոտյանը ժպտալով անցել է կառավարության առջև հավաքված բողոքող մարդկանց մոտով: Նշենք, որ Վարդգես Գասպարիի նման արձագանքը պայմանավորված էր Աշոտյանի հայտարարությամբ, թե նախարարությունը չի պատրաստվում փոխել Հայոց պատմության բուհական դասագրքում տեղ գտած 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների մասին «ոչ մի նախադասություն»:
Գասպարիի բողոքին հաջորդել է Կառավարության շենքի մոտ հավաքված մարդկանց աղմուկը: Վերջիններս, տեսնելով լրագրողներին, բոլորը միանգամից սկսեցին բարձրաձայնել իրենց դժգոհություններն ու խնդիրները, որոնց ոչ մի կերպ լուծում չի տրվում:
Գիշյան Մարիամը բողոքել է, որ իրեն տնից դուրս են հանել և իր ապրուստը զավթել են, ու ինքն այժմ մնացել է դրսում:
«Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանն էլ լրագրողներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին և պահանջել, որ ստեղծեն փորձագիտության հանձնաժողով, որպեսզի վերանայվեն բնակարաններից զրկված և փողոցում հայտնված մարդկանց սեփականության իրավունքները:
Հակոբյանի խոսքով՝ խնդրին արձագանքել է միայն Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը:
«Է՞ս են պատգամավորները, որ մենակ խոստումներ են տալիս՝ ոչ մի բան չեն անում, տվել եմ, ինչո՞ւ չեն գոնե պատասխանում: Մենք կորցնում ենք մեր ժողովրդին, արդեն 42-րդ ընտանիքը լքեց Հայաստանը: Վերջապես այս իշխանությունները պետք է հասկանան, որ ոչ թե եկել են մենակ թալանի համար, այլ որ այս մարդկանց հուզող հարցերը լուծեն: Տեսեք Ռոբերտը ( նկատի ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին – խմբ.) էնտեղ յուրացրեց մեծ գումարներ, Զախարյանը (նկատի ունի Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին – խմբ.) յուրացրեց, հիմի սրանք են շարունակում թալանել էս ժողովրդին:
Մեզ կանչեցին թաղապետարան ընտրություններից առաջ, իմանում են՝ մենք պետք է գնայինք, իրենց ընտրեինք: Որ ասում են Տարոնը (Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան – խմբ.) սենց ա անում, նենց ա անում: Տարոնը թող ծաղիկ չտնկի, Տարոնը թող քաղաքացիների մասին մտածի, որ հայաթափում են էս ժողովրդին: Հիմա եթե սրանք մնան, ուրեմն Հայաստանում մարդ չի մնալու»,- ասել է Վաչագան Հակոբյանն ու ավելացրել՝ «Եթե իշխանափոխություն չլինի, ոչ մի հարցի լուծում էլ չի տրվի»: