Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը համոզված է, որ «սկսում ենք հաղթական վերջնախաղը». ելույթ

Սերժ Սարգսյանը համոզված է, որ «սկսում ենք հաղթական վերջնախաղը». ելույթ

Շուրջ հինգ տարի առաջ Հայաստան պետության, ժողովրդի կյանքում նոր հնարավորություն ստեղծվեց: Հնարավորություն ու հրամայական՝ նախորդ մեկուկես տասնամյակում ձևավորված համակարգերն առավելագույնս ծառայեցնել մարդուն: Այս մասին այսօր ՀՀԿ 14-րդ համագումարին հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Ինչպես շատ հաճախ պատմության մեջ, այնպես էլ այս պարագայում, հնարավորությունն ուղեկցվեց ու, թերևս, թելադրվեց ծանր մարտահրավերներով: Մեր հասարակությունը ցնցվեց տարիներ շարունակ կուտակված հասարակական-քաղաքական անհանդուրժողականության ժայթքումից: Մեր հարևանությամբ բռնկված հերթական պատերազմը փակեց մեր սահմանները: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածների տակ մի պահ կքեց Հայաստանի տնտեսությունը: Շուրջ մեկուկես տասնամյակ շարունակ մի կողմ թողնված խնդիրներն ու ցավոտ խոցերն իրար հերթ չտալով հրատապ լուծումներ էին պահանջում: Մարդիկ, ավելի քան երբեք, ակնկալում էին առավելագույնս օգտվել տարիներ շարունակ տնտեսական նպաստավոր միջավայրում վաստակած բարիքներից: Երիտասարդը տուն և ավելի լավ կրթություն էր պահանջում, պետական ծառայողը՝ արժանապատիվ կյանք: Քաղաքացին պահանջում էր ավելի որակյալ հանրային ծառայություններ: Գործարարը պահանջում էր կանխատեսելի տնտեսական միջավայր և պակաս վարչարարություն: Գործազուրկը՝ աշխատանք: Աշխատողը՝ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Անապահովը՝ հնարավորություններ: Ապահովվածը՝ հուսալիություն: Եվ յուրաքանչյուրը պահանջում էր արդարություն և անվտանգություն:

Չանսալ ժամանակի հրամայականին, չկատարել նրա պահանջը անթույլատրելի է: Ոչ ոք այս մեծ ճշմարտությունը չի ընկալում այնպիսի հստակությամբ, որքան ժողովրդի վստահությամբ կառավարման բեռը կամավոր ստանձնած քաղաքական ուժը: Կուսակցությունը: Գործիչը: Եվ մենք ձեզ հետ միասին կարողացանք լսել ժամանակի կանչը», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ երկիրը հնարավոր եղավ դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից, բացի դա հնարավոր եղավ թեթևացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը:

«Կարողացանք հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության և շինարարության մեջ: Կարողացանք լուրջ թափ հաղորդել սննդի ու թեթև արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը: Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անհամեմատ ավելի հզոր երկրներ:
Ճգնաժամի պայմաններում մենք կարողացանք զսպել էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագների աճը: Հարյուրավոր կիլոմետրերով ջրագիծ ու գազատար կառուցեցինք, վերականգնեցինք գյուղական ճանապարհներն ու նախաձեռնեցինք հաղորդակցության միջպետական աննախադեպ կառույցներ: Մենք կարողացանք կապի ու հաղորդակցության տեխնոլոգիաները հասցնել մեր երկրի ամենահեռավոր անկյունները:

Մենք հարյուրավոր երիտասարդ ընտանիքների տուն ձեռքբերելու հնարավորություն ընձեռեցինք և աղետի գոտու հազարավոր բնակիչների կարողացանք ապահովել նոր բնակարաններով: Ապահովագրական նոր համակարգերի ներդրման շնորհիվ կարողացանք ավելացնել պետական ծառայողների բարեկեցությունը: Կարողացանք էականորեն բարելավել մեր քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը. նախկինում խնդրահարույց ծառայություններն այսօր հայաստանցուն մատուցվում են նույնպիսի որակով ու վարչարարությամբ, ինչպես առավել զարգացած ու քաղաքակիրթ երկրներում», – մասնավորապես, ասել է ՀՀԿ ղեկավարը:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է համագումարին ներկաներին, որ ընդամենը մի քանի տարի Հայաստանից դուրս ապրած մեր հայրենակցի համար Հայաստանն այլևս անճանաչելիորեն փոխվել է:

«ենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները: Մենք խրախուսեցինք ու առաջ քաշեցինք երիտասարդ ու կրթված քաղաքական և պետական գործիչների», – կարծիք է հայտնել Սերժ Սարգսյանը:

Նա հավաստիացրել է, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում:

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ փոփոխությունները շատ քիչ են:

«Մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը: Դեպի հայաստանցին: Մեր բոլոր ջանքերը մարդու համար են: Մեր հայրենակիցների, նրանց բարօրության համար:
Մենք երբեք չենք փորձել նեղ կուսակցական շահ հետապնդել մեր քայլերով: Մենք հպարտացել ենք բացառապես բարդ խնդիրներին տրված լուծումներով: Արդյունքներով: Սակայն յուրաքանչյուր նման արդյունք պահանջում է տասնյակ, երբեմն՝ հարյուրավոր քայլեր: Քայլեր, որոնք հնարավոր չէ կատարել միաժամանակ, քանի որ քայլեր պետք է կատարեն նաև ուրիշները: Քայլեր, որոնք ժամանակ են պահանջում: Չէ՞ որ հատկապես բարդ խնդիրներ լուծելիս հաճախ ստիպված ես լինում սպասել մինչև գործընկերներդ կատարեն իրենց քայլը: Հաճախ սպասում ես յուրաքանչյուրին: Սակայն, որպես կանոն, նման գործակցության արդյունքները լինում են ավելի շոշափելի, մնայուն և հարատև:

Մեր բազամաթիվ նախաձեռնություններ այսօր արդեն արդյունք են տվել: Սակայն մենք տասնապատիկ ավելի մեծ թվով նախաձեռնություններ ենք սկսել, որոնց արդյունքները մեր քաղաքացիները կտեսնեն մոտակա տարիներին: Այսօր ուզում եմ կարևորել դրանք ավարտին հասցնելու մեր հետևողականությունն ու կամքը», – ասել է ՀՀ նախագահը:

 

Որպես ապահով հայրենիքի թիվ մեկ գրավական Սերժ Սարգսյանը նշել է Հայոց բանակը:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չեն զբաղվելու հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, քանի որ ունակ են լինելու իրենց շարժունակությամբ և մարտունակությամբ անվտանգություն սփռել մեր տարածաշրջանում և նրանից դուրս, ինչի հիմքն արդեն իսկ դրված է աշխարհի տարբեր ծայրերում մեր խաղաղապահների կողմից մարտական խնդիրների գերազանց կատարմամբ:
Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության: Առաջնահերթությունը տրվելու է բազմաֆունկցիոնալ համալիրներին, որոնք կլինեն դիտարկման, հայտնաբերման, թիրախորոշման և խոցման միասնական համակարգեր: Այս ամենում իր կարևորագույն դերն է ունենալու ժամանակակից և կենսունակ հայրենական ռազմաարդյունաբերական համալիրը, որի շարունակական արդիականացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:

Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված ու արհեստավարժ: Կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցությամբ հրամանների անվերապահ կատարման վրա: Այս ամենում օրինակելիության կատարյալ տիպար են լինելու հրամանատարները՝ ղեկավարելով անձնական օրինակով», – իր ելույթում ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով ՝ ՀՀ իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ՝
• անվտանգության արտաքին բաղադրիչների ամրապնդումը,
• արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը` հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը,
• միջազգային քաղաքական և տնտեսական համագործակցության գործընթացներում և համակարգերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնումը,
• համազգային նշանակություն ունեցող խնդիրներին հետամուտ լինելը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ամենօրյա թափ հաղորդելը,
• հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը,
• Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների զորացումը և ռազմավարական համագործակցության ամրապնդման ծրագրերի իրականացումը,
• Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու ընդլայնումը,
• Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակությունը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը,
• մեր արտաքին քաղաքականության մյուս գերակայությունները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է բանակցային գործընթացը:

«Երախտագիտություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի համար՝ միաժամանակ մշտապես միջնորդների ու միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրելու խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող վստահության միջոցների ստեղծման և ամրապնդման հարցերին: Ադրբեջանի քաղաքականությունն ընդհանրապես և մասնավորապես դիպուկահարներին հետ քաշելուց հրաժարվելը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործարկումից հրաժարվելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատյացությունը և ռասիզմը խրախուսելը, անհուսալի և երկերեսանի կեցվածքը բանակցություններում որևէ կերպ չեն նպաստում վստահության միջոցների ստեղծմանը և համապատասխան արձագանք չստանալու դեպքում ծայրաստիճան սրում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում: Բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի, մեր ջանքերն ուղղելու ենք նշված հարցի շուտափույթ լուծմանը: Արդյունավետ բանակցությունների վարումը կառուցողական մթնոլորտում հնարավոր կլինի միմիայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերն իրապես ցանկանան հասնել խնդրի արդար լուծման՝ հրաժարվելով անհիմն առավելապաշտական նկրտումներից», – ղարաբաղյան հիմնախնդրի մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա հայտարարել է, որ ապահով կարող է լինել միայն Արդար Հայաստանը:

««Արդար պետություն» նշանակում է քաղաքացիների հետ կարևոր հարցերը քննարկելու և արդարացի որոշումներ ընդունելու կարողություն: Արդար պետությունը պետք է բոլորի համար երաշխավորի հնարավորությունների հավասարություն թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ տնտեսության մեջ, թե՛մշակութային կյանքում, պետք է ապահովի և խթանի մրցակցությունը՝ միևնույն ժամանակ պաշտպանելով առավել խոցելի սոցիալական խմբերին, պետք է արդյունավետորեն կանխի կոռուպցիան:

Արդարությունը հիմնվում է իրավունքի գերակայության, մարդուն որպես բարձրագույն արժեք ճանաչելու գաղափարների վրա` դրանից բխող հետևանքներով: Արդարության ապահովումը, լինելով բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրը, այնուհանդերձ, դատարանների հիմնական գործառույթն է:

Այս առումով շարունակելու ենք հիմնավոր, արմատական բարեփոխումների իրականացումը, որոնք հնարավորին կարճ ժամկետում մեր քաղաքացիների համար կապահովեն արդարադատության մատչելիությունը, դրա իրական անկախությունն ու արդյունավետությունը:

Մենք գիտակցում ենք նաև, որ ազատ Հայաստանն է միայն ապահով Հայաստանը: Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա: Սա կարևոր սկզբունք է, որի պահպանման և զարգացման համար մենք դեռևս հսկայական անելիքներ ունենք:
Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման և այլ անհարգալից մոտեցումները: Կառուցողական և պատասխանատու քննադատությունն է առողջ քաղաքական համակարգի զարգացման գրավականը», – նշել է նա:

Այդ համատքեստում Սարգսյանն ընդգծել է արդար ընտրությունների անցկացման կարևորությունը:

«Վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մենք հրաշալի արձագանքներ ենք ստացել: Դա շատ է ոգևորում: Մենք արդեն որպես պետություն կարողանում ենք ազատ մրցակցության, արտահայտվելու գրեթե կատարյալ ազատության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել և պատրաստվում ենք շատ ավելի առաջ գնալ այս ուղիով:

Գաղտնիք չէ, որ մենք միշտ հանդես ենք եկել «հանուն» գաղափարներով, չենք գործել ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի, պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, առաջարկել ենք ճանապարհ, որը, մեր կածիքով, տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի վերելք և մեր ժողովրդի բարեկեցության բարձրացում: Ապագայում ևս վստահաբար չենք շեղվի մեր մոտեցումներից: Մեր ժողովուրդն Աստծո կամոք և իր կորովի շնորհիվ կրկին անկախ պետություն ունի և ցանկանում է հետ չմնալ զարգացած աշխարհի իրողություններից: Մենք հենց դա՛ պետք է ապահովենք: Պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար ապահով Հայրենիք կերտել և հոգալ յուրաքանչյուր ընտանիքի ապահովվածության խնդիրը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք կարողանալու ենք», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ հարցեր շատ կան, բայց կա հարց լուծողը, և հարց լուծողը Հայաստանի ժողովուրդն է` Հայաստանի տերն ու ժառանգը:

«Այն Հայաստանի, որ այսօր ոտք է դնում իր համար նոր պատմական դարաշրջան: Պարտադիր չէ, որ այդ նորը հեղափոխությունների կամ պատերազմների ճանապարհով գա: Լուրջ առաջընթաց արձանագրած երկրների փորձը միարժեքորեն ցույց է տալիս, որ ջրի բերածը ջուրն էլ տանում է: Մնայունը խաղաղ և արդյունավետ աշխատանքով ստեղծվածն է: Մենք այդ հուսալի ճանապարհի վրա ենք, մենք հենց դա՛ ենք անում:

Ես ասում եմ՝ հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը:
Սա նո՛ր Հայաստան է և վերջ:

Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ:
Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:
Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ:
Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:

Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ:
Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ:

Կեցցե՛ Հայաստանը:
Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան», – գալիք նախագահական ընտրությունների իր կարգախոսով ելույթն ավարտել է Սերժ Սարգսյանը: