Ծնունդով թբիլիսցի 55-ամյա Ժաննա Հովհաննիսյանը համարում է, որ 1995 թվականին Վրաստանից Հայաստան տեղափոխվելուց հետո իր կյանքը կործանվել է:
Հովհաննիսյանը Երևան է եկել իր ծնողների մահվանից հետո: Հայաստանի մայրաքաղաքում բնակվում էր իր քրոջ ընտանիքը:
«1995 թվականին Վրաստանում շատ խառը վիճակ էր, 6-ամյա տղայիս հետ եկանք Հայաստան: Թիֆլիսում վաճառած բնակարանիս գումարով 17-րդ թաղամասում բնակարան գնեցի, հետո էլ որոշեցի վաճառեմ ու բնակարան գնեմ 3-րդ մասում՝ միակ քրոջս կողքին լինելու համար: Հարևանուհիներս գիտեին, որ միայնակ կին եմ, հայերեն լավ չգիտեմ, ոչ մի ծանոթ չունեմ, առիթն օգտագործեցին ու ինձ խաբեցին ՝ բնակարանս խլելով ձեռքիցս», – պատմել է Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցը պատմել է, որ իր հարևանուհին՝ Լենա Մարգարյանը, խոստացել է տան վաճառքի գործարքի ավարտից հետո իրեն վճարել ամբողջ գումարը:
«Սկզբում ինձ ցույց տվեց 4000 դոլարը ու ասաց, որ գումարը ձեռքին է, հետո գնացինք նորտար, փաստաթղթերի ձևակերպելուց հետո աշխատակիցն ասաց՝ «ես չգիտեմ ձեր հաշիվները, թե ինչ եք պայմանավորվել»: Տուն եկանք, ու հարևանուհիս սկսեց «էսօր-էգուց անել»: Այդպես էլ գումարը չտվեց, բայց խոստացավ տուն առնել Պռոշյան սովխոզում ու նույն կերպ վարվեց տանտիրոջ հետ: Նրան էլ տարավ նոտար, փաստաթղթերը ձևակերպեց ու գումարը չտվեց: 1998 թվականից 9 տարեկան որդուս հետ ես հայտնվեցի փողոցում», – պատմել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ անտուն մնալուց հետո ծանոթներից մեկն իրեն ու երեխային տեղափոխել ու ապաստան է տվել իր բնակարանում:
«Բավական երկար տարիներ ապրեցինք այդ կնոջ բնակարանում: Ընկերուհիս ինձ գրանցեց իր բնակարանում, որպեսզի կարողանամ աշխատել, սակայն տղայիս վախեցավ գրանցել՝ պատճառաբանելով՝ «թե, տղա երեխա է, ի՞նչ իմանամ հետո ի՞նչ կարա լինի»: Այդպես էլ տղաս, գրանցում չունենալու պատճառով, մնաց առանց անձնագիր», – ասել է կինը:
2000 թվականին Հովհաննիսյանն ինքը տնակ է ձեռք բերել ու տեղադրել հողամասում, որտեղ մինչ օրս բնակվում է որդու հետ:
«Թաղամասը մինչև մայիսին կայացած ընտրությունները հասցե չուներ, հետո հասցե տվեցին՝ Շահումյան 16 փողոց, տուն 182, սակայն տղաս էլի օդում կախված մնաց: Հետո ասացին, որ գնա բանակ, գա, ինքնստինքյան զինգրքույկ կստանա ու անձնագիր էլ կտան: Փետրվարի վերջին տղայիս հետ գնացի Մաշտոցի անձնագրային բաժին ու տղայիս անձնագիր ստանալու համար դիմում ներկայացրեցի: Պատասխան չստացանք ու նորից դիմեցինք, պարզվեց, որ հիմա էլ Հայաստանի քաղաքացիություն պետք է ունենա, նոր անձնագիր տան», – պատմել է մեր զրուցակիցը:
Անձնագրային բաժնում կինն հարցրել է՝ «իսկ եթե երեխան 6 տարեկանից Հայաստանում է մեծացել, ոչ մի վայրկյան չի բացակայել Երևանից, դրանից կարևոր ուրիշ ի՞նչ է պետք քաղաքացիություն ստանալու համար»:
«Նաև հարցրեցի՝ «բա որ բանակ էիք տանում, չհետաքրքրվեցիք՝ ո՞ւմ եք տանում, կարող է՝ թուրքի դիվերսանտ էր, ո՞նց ռիսկ արեցիք», – պատմել է Հովհաննիսյանը:
Կինը նշել է, որ տղան կամավոր է մեկնել բանակ՝ այն հույսով, որ վերադարձից հետո անձնագիր կունենա:
«Ասացի՝ տղա ջան, ինչքան կարող ես առանց անձը հաստատող փաստաթղթի ապրել, միասին գնացինք զինկոմիսարիատ, չգիտեմ՝ ինչ փաստաթղթեր ձևակերպեցին ու տղայիս բանակ տարան: 2 տարի Իջևանում ծառայեց, վերադարձավ, նորից մնաց առանց անձնագիր: Հիմա էլ նոր հիշել են, որ քաղաքացիություն է պետք: Հիմա էլ ասում են, թե օվիրից պետք է հարցում անեն՝ տղաս Վրաստանում ապրել է, թե՝ ոչ: Ես էլ ասում եմ՝ «երեխես ընդամենը 5 տարի է ապրել Վրաստանում, շատ են հիշելու», – ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օրեր առաջ կրկին գնացել է Մաշտոցի անձնագրայի բաժին:
«Ասում են՝ «հասկանում ենք, տիկին ջան, բայց օվիրի պատասխանին ենք սպասում, որ քաղաքացիության հարցը լուծենք: Մենք դիմել ենք մարտ ամսին: Ասացին, որ մայիսի ընտրություններին տղաս պետք է անձնագիր ունենար ու մինչ օրս օվիրն ուղարկում է Մաշտոցի բաժին, այնտեղից նորից օվիր, այնինչ 3 ամսում պատասխանը պետք է եկած լիներ», – նշել է մեր զրուցակիցը:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ անձնագիր չունենալու պատճառով որդին զրկվել է ուսում ստանալուց, այժմ էլ աշխատանքի չեն վերցնում:
«Ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, ամեն տեղ խաբում են, եկա Հայաստան, որ հայրենի հողում ապահով լինեմ, պարզվեց, որ հայրենիքին ես հարկավոր չեմ: Տղա երեխա եմ մեծացրել, որ հարկ եղած դեպքում պաշտպանի իր հողը ու այդ նույն հայրենիքում մեզ օրեցօր կործանում են», – եզրափակել է կինը: