Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի Մատաղիսի գործով վճիռը: Դատարանը արդեն շուրջ 4 տարի է՝ քննում է Մատաղիսի զորամասում 2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին: «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը նշում է, որ մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները:
2006թ. ամբաստանյալներն ազատ են արձակվել, քանի որ նրանց նկատմամբ խափանման միջոցը փոխվել է երկրից չհեռանալու մասին ստորգրությունով:
2012թ. դեկտեմբերի 4-ին դատախազները միջնորդել են և փոխել են մեղադրանքը: Նախկինում ցմահ ազատազրկում էր սահմանված, իսկ այժմ մեղադրանքը փոխվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով, որոնք ենթադրում են 7-8 տարվա ազատազրկում:
«Հույս ունենք, որ հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող այս գործը վաղն իր դրական հանգուցալուծումը կստանա և անմեղ երիտասարդները կարդարացվեն»,- ասված է «Բանակն իրականում» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դատավարության ընթացքից դժգոհ է նաև տուժող կողմի իրավահաջորդները: Նրանք ևս պայքարում են ամբաստանյալ տղաների ազատ արձակման և իրական մեղավորների բացահայտման համար:
Տեսանյութը՝ «Բանակն իրականում» նախաձեռնության