Home / Հայաստան / Փաշինյանն ասել է՝ որն է «Ապահով Հայաստան կառուցելու ալգորիթմը», և մեջբերում արել Սերժ Սարգսյանից

Փաշինյանն ասել է՝ որն է «Ապահով Հայաստան կառուցելու ալգորիթմը», և մեջբերում արել Սերժ Սարգսյանից

ԱԺ Էթիքայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ խոսել է ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած նախագծի մասին: Իր ելույթը Փաշինյանը տեղադրել է nikolpashinyan.com կայքում:

Ելույթի սկզբում նա հիշեցրել է, որ պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը որոշել է քննություն սկսել ԱԺ թվով 83 պատգամավորների նկատմամբ, որոնցից 74-ը ներկայացնում են իշխանական կոալիցիան:

«Որոշումն, ընդ որում, մեղադրական կանխավարկած չի պարունակում, և միայն քննությունը պիտի պարզի՝ արդյոք 83 պատգամավորներից որևէ մեկը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները, թե ոչ:

Էթիկայի կանոնները խախտելու մասին որոշումն, ընդ որում, իրավական որևէ հետևանք չի ունենում, և եթե անգամ ենթադրենք, որ հանձնաժողովի որոշումը լինելու էր կոալիցիան ներկայացնող 74 պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, դրանից խորհրդարանական մեծամասնությունը չէր կազմաքանդվի: Այսուհանդերձ, Հանրապետական կուսակցության արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշմանը՝ ըստ էության կայծակնային էր:

Ընդամենը տասն օրվա ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը գրվեց, հաստատվեց, կառավարության նիստում քննարկվեց, եւ ահա բերվել է արտահերթ նիստի օրակարգ, ընդ որում՝ կառավարության կողմից: Կառավարությունն այսպիսով, միջամտում է խորհրդարանի ներքին-կանոնակարգային հարցի քննարկմանը, որովհետեւ, ինչպես հիմնական զեկուցողը նշեց, իրենք են խնդրել կառավարությանը: Ուշադրություն դարձրեք, ի դեպ, ԱԺ որևէ հանձնաժողովում այս նախագիծը չի քննարկվել, եւ միակ մարմինը, որ քննարկել և հավանության է արժանացրել՝ կառավարությունն է: Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը կառավարությանը տղա է բերել Էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետև իրեն այնքան էլ Ապահով չի զգում Ազգային ժողովում: Ահա թե որն է Ապահով Հայաստան կառուցելու հանրապետական մեծամասնության ալգորիթմը», – ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս նախագծով ընդամենը մեկ հարց է լուծվում. ապահովել Էթիկայի հանձնաժողովի վերահսկելիությունը իշխանության կողմից:

«Խնդիրն ամենևին Էթիկայի հանձնաժողովը չէ, կամ նրա այսօրվա կազմից բխող վտանգները: Խնդիրն այն ավանդույթների և գործելակերպի մեջ է, որով երկիրը ղեկավարում են Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական թիմը: Նրանց համար անընդունելի է, որ երկրում լինի իշխանության թեկուզ սիմվոլիկ լծակների տիրապետող մի օղակ, որը դուրս է իրենց վերահսկողությունից ու հարյուր տոկոսով կանխատեսելի չէ իրենց համար:

Հանրապետական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանն, ի դեպ, մոռացավ նշել մի դարակազմիկ հաջողության մասին, որ իրենց իշխանությունը հասել է. նրանք կարողացել են Հայաստանից արմատախիլ անել իրենց պատկերացրած «ազգային մենթալիտետին» հակասող՝ իշխանության բաժանման սկզբունքը: Հիմա պետական կառավարման մարմինները, իշխանության բոլոր ճյուղերը ղեկավարվում են մի կետից և գտնվում են ՀՀԿ ղեկավարության կրնկի տակ. օրինակ՝ առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանները, իրենց վարչական, քաղաքացիական ու Սահմանադրական արբանյակներով:

Քաղաքապետարաններն ու գյուղապետարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցներն ու սանէպիդկայանները, մշակույթի և հանգստյան տները, ատամնաբուժարաններն ու հոգեբուժարանները վերածվել են ՀՀԿ-ի կուսակցական գրասենյակների: ԺԷԿ-երն ու բուհերը գտնվում են հանրապետականի լիակատար վերահսկողության ներքո, բանը հասել է այնտեղ, որ ոստիկաններն են իրենց պաշտպանված զգալու համար ՀՀԿ-ի կրծքանշաններով շրջում, չնայած որևէ կուսակցության անդամ լինելու իրավունք չունեն օրենքով: Այս պայմաններում ահա, երբ ժողովրդավարական տոտալիտարիզմի հանրապետական մոդելը գրեթե կատարելության է հասցված՝ մի ինչ-որ Էթիկայի հանձնաժողով ոչ միայն վերահսկելի չէ, այլև կասկածի տակ է դնում Հանրապետական պատգամավորների գերակայությունը պատգամավորի Էթիկայի ոլորտում:

Սա, իհարկե, աղաղակող անարդարություն է, որը պետք է վերացնել հնարավորինս արագ, մանավանդ որ երկու օր առաջ Սերժ Սարգսյանը հիշել էր «Արդար Հայաստան» հաստատելու հնգամյա վաղեմության իր խոստման մասին: Որ մի խումբ երիտասարդներ իրենց քաղաքական հայացքների համար բանտարկության են դատապարտված, անարդարություն չէ: Որ Երևանի սրտում կրակոցներով հանդես եկած Սերժ Սարգսյանի եղբորորդին շարունակում է մնալ ազատության մեջ, անարդարություն չէ: Բայց որ՝ Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը իշխանության վերահսկողության տակ չէ, աղաղակող, անթույլատրելի, դատապարտելի անարդարություն է: Ու որ խորհրդարանական մեծամասնությունը չի հապաղի վերացնել այս անարդարությունը, կասկածել, իհարկե, չի կարելի: Այս ամենը պարզ է, բայց պետք է հասկանալ, թե ուր է տանում այս ճանապարհը», – նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ այս ամենն արվում է հանրությանը, ժողովրդին, բոլորին ցույց տալու համար, որ Հանրապետական մեծամասնությունը «ոչ մի թիզ հող չի զիջելու» ընդդիմությանը, հանրությանը, ժողովրդին:

ՀԱԿ պատգամավորն ընդգծել է, որ ինքն ԱԺ-ի բարձր ամբիոնից հայտարարելու համար, որ Հայաստանում և Սփյուռքում կան մարդիկ, ովքեր «չեն ընդունելու ուրիշների մոգոնած խաղի կանոնները և պայքարելու են հանուն Իրական Հայաստանի՝ թեկուզ պարտադրված լինեն ամեն ինչ սկսել զրոյից, որովհետև Ազատ եւ Երջանիկ Հայաստան կառուցելու պարտավորությունն ավելին է, քան քաղաքական կոնյունկտուրան, քաղաքացիական հպարտության հրամայականն ավելին է, քան հոսանքին տրվելու գայթակղությունը»:

«Ելույթս ուզում եմ ավարտել մի մեջբերումով: Սերժ Սարգսյանից: ՀՀԿ համագումարում նախօրեին ունեցած ելույթում նա բառացիորեն ասել է հետեւյալը. (մեջբերում եմ) «Հայրենիքի ուժը մեծ ուժ է: Մի օրինակ հիշեմ: Մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է: Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը: Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն և հպարտությամբ» (մեջբերման ավարտը): Փաստորեն, Շուշիի ազատագրման ժամանակներից ի վեր որևէ մեկը Սերժ Սարգսյանին չի ասել հայրենիքով հպարտացած լինելու մասին: Սրանով ամեն ինչ ասված է: Եվ վերջ», – եզրափակել է Փաշինյանը: