«Չաղ, ուրախ, բախտավոր» սկզբունքով առանջորդվող, իրեն քաղաքական կուսակցություն անվանող տնտեսական միություն ԲՀԿ-ն իր վերջին համագումարում ավելացրեց նաև «ապահով Հայաստան» նշանաբանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է Աշոտ Մանուչարյանը: Լրագրողներից մեկի դիտողությանը, թե դեկտեմբերի 15-ին համագումարը ՀՀԿ-ն էր արել, այլ ոչ թե ԲՀԿ-ն, Մանուչարյանը պատասխանել է, որ ինքը չի սխալվում, քանի որ Հայաստանում չկան տարբեր կուսակցություններ, այլ միայն մեկը:
Մանուչարյանի խոսքով՝ այդ մեկ կուսակցությունը ձևավորում է «մեռնող աշխարհի» օրակարգը, որն ավարտվելու է դեկտեմների 21-ին, սակայն զուգաեհռաբար ձևավորում է նաև երկրորդ՝ «սկսվող աշխարհի» օրակարգը, որը ձևավորվում է ոչ համագումարներում և որին հնարավոր չէ գաղտնալսել: Այդ աշխարհի արժեքը լինելու է ոչ թե սեփականությունը, այլ ներդաշնակությունը, և այդ օրակարգի ձևավորման մեջ մեծ դեր են ունենալու 2007 թվականից սկսած ՀԱԿ-ի շարժման շուրջ հավաքված երիտասարդները: Մանուչարյանը նկատի է ունեցել տարբեր քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք այս տարիների ընթացքում փողոցում պայքար են մղել:
Ընտրությունների մասին կանխատեսումներ անելով՝ Մանուչարյանն ասել է, որ միասնական ընդդիմադիր թեկնածուի հնարավորություն չկա, քանի որ հասարակությունը բզկտված է: Այն հարցին, թե իր կարծիքով ՀԱԿ-ը ում թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններին՝ Մանուչարյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ում և այլ կուսակցություններում ևս կան թեկնածության արժանի անհատներ, սակայն հավանաբար կառաջադրվի մեկը, ով առաջնորդվում է «մեծ, չաղ, բախտավոր» սկզբունքով:
«Կարող է առաջդրել ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանին: Նա եղել է միլիցոներ, անկախությունից հետո դարձել է դաշնակցական, հետո հակադաշնակցական, հիմա ՀԱԿ-ում է: Նա ամեն օր դառնում ավելի լավ, քան նախորդ օրն է եղել», – ասել է Մանուչարյանը:
Արտաքին ուժերի ազդեցությանն անդրադառնալով՝ Մանուչարյանը նկատել է, որ Մոսկվան սկսել է շատ կոշտ քաղաքականութուն վարել: Այս փոփոխությունը, ըստ բանախոսի, պայմանավորված է նրանով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգում է ռուս ժողովրդի դժգոհությունը և, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, զգում է, որ դա վտանգավոր է: Մանուչարյանի խոսքով՝ Ռուսատանը չի զիջի՝ Հայաստանին Եվրասիական միության անդամ դարձնելու վճռականության հարցում և մեր երկիրն այդ միության անդամ կդառնա: