Epress.am-ի ֆուտբոլային թիմը 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների ավանդական մրցաշարի չեմպիոնի կոչումը:
Դեկտեմբերի 17-ին «Միկա» համալիրում կայացան 3-րդ տեղի համար հանդիպումն ու եզրափակիչը: Բրոնզե մեդալների համար խաղում News.am-ը պարտության մատնեց «Մեդիամաքսին» 4:1 հաշվով:
Եզրափակիչ խաղում հանդիպեցին Epress.am-ն ու Emedia.am-ը: Խաղն անցավ լարված պայքարում: Epress.am-ը խաղում էր առաջին համարով, Emedia.am-ն ընտրել էր հակագրոհների մարտավարությունը: Հիմնական ժամանակի ընթացքում Epress.am-ը երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն մրցակիցը երկու դեպքում էլ հետ բերեց կորցրածը: Լրացուցիչ ժամանակում Epress.am-ը լուրջ ճնշում գործադրեց մրցակցի դարպասի վրա, բայց հաշիվն անփոփոխ մնաց:
Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում Epress.am-ի բոլոր ֆուտբոլիստներն իրենց փորձերն անվրեպ իրացրեցին, իսկ Emedia.am-ի տղաները վրիպեցին երկու անգամ:
Նշենք, որ Epress.am-ը, երրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվելով մրցաշարում, եզրափակիչներում պարտության է մատնել տարբեր թիմերի: Անցյալ տարի Epress.am-ը 1:0 հաշվով հաղթել էր «Չորրորդ իշխանություն» թիմին, իսկ 2 տարի առաջ 6:1 հաշվով՝ «Մեդիամաքսին»:
«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:
Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլորը խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցշարի մշտական աջակիցն է «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության: