Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, իր ելույթի ընթացքում Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ պետությունների համագործակցության փորձը ցույց է տալիս, որ 20 տարի առաջ այդ երկրների կողմից արված ռազմավարական ընտրությունը ճիշտ էր և արդարացված:
«Սեպտեմբերին Հայաստանում հաջողությամբ անցկացվեցին «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Ե՛վ նախապատրաստական շրջանը, և՛ անմիջականորեն հենց զորավարժություններն ակնհայտորեն ցուցադրեցին բազմաբնույթ և տարաբնույթ խնդիրները համատեղ լուծելու մեր երկրների ունակությունը՝ ներգրավելով զորամիավորումները, ներքին զորքերի ստորաբաժանումները, հատուկ ծառայությունները և արտակարգ իրավիճակների գծով ուժերը:
Հայաստանում անցկացված զորավարժություններում առաջին անգամ ՀԱՊԿ ձևաչափով լիարժեք մասնակցություն ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Այդ զորավարժությունները, ինչպես նաև դրանց նախորդած «Ռուբեժ-2012» զորավարժությունները և ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ անձնակազմի մասնակցությամբ առաջին համատեղ՝ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժությունները նշանակալի ներդրում ունեցան մեր զինված ուժերի համատեղելիության ամրապնդման, մեր Կազմակերպության ներուժի զարգացման գործում»,- նիստի մասնակիցներին ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանի մարտահրավերներին` ՀՀ նախագահն ընդգծել է, որ «տարածաշրջանի անվտանգության լրջագույն մարտահրավեր շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը»:
«Այն դրսևորվում է բանակցային գործընթացի տրամաբանությանը հետևելու՝ ադրբեջանական իշխանությունների դժկամության կամ անկարողության մեջ, որը բավականին հստակ շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների բազմաթիվ հայտարարություններում: Նույնիսկ, թվում է թե ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և դիպուկահարների հետքաշումը տորպեդահարվում է պաշտոնական Բաքվի կողմից:
Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող հակամարտությունների լուծման առումով միակ և անայլընտրանք ճանապարհը բանակցություններն են: Ելնում ենք նրանից, որ կողմերի միջև զինադադարի հասնելուց հետո, հատկապես, երբ այն պահպանվում է արդեն 18 տարի, ռազմական գործողությունների վերսկսումը և նույնիսկ այդպիսի վերսկսման սպառնալիքը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ուղղակի խախտում է, դա ամենաանհեռատես ճանապարհն է դեպի բռնության, ատելության, արյունահեղության նոր ալիքի: Այդպես խնդիրները չեն լուծվում, այլ դառնում են ավելի բարդ:
Ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության և անհանդուրժողականության մթնոլորտում: Իմ խոսքերի հաստատումը վախկոտ և փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձևավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին: Նա անմիջապես ներման և արտահերթ զինվորական կոչման արժանացավ և նրան միանվագ աշխատավարձ վճարվեց հունգարական բանտում անցկացրած տարիների համար: Այսպիսով, հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում: Եվ սա 21-րդ դարում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունում:
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը: Նա բորբոքում է սպառազինության տարածաշրջանային մրցավազք և քարոզում է թշնամություն: Ադրբեջանի նախագահը բացահայտորեն հայտարարում է, որ ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են, իսկ Երևանը, որը շուտով կնշի իր 2800-ամյակը, հին ադրբեջանական հող է: Նա հայտարարում է, որ զինադադարի ռեժիմի խախտումը վարքագծի կանոն է, քանի որ պատերազմը դեռևս չի ավարտվել՝ մոռանալով, թե ով է խնդրել և առաջինը ստորագրել այդ զինադադարը»,- իր ելույթում ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ շրջանակներում անդամ պետությունների արմատական շահերի վերաբերյալ արտաքին քաղաքականության հարցերում մոտեցումների համադրման, այդ հարցերի շուրջ միմյանց հետ խորհրդակցությունների անցկացման, ընդհանուր դիրքորոշումների մշակման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությանը:
«Կազմակերպության արդյունավետ և լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում», – ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ ասել է Սարգսյանը: