Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ զրուցել է ներքաղաքական վիճակի մասին

Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ զրուցել է ներքաղաքական վիճակի մասին

Դեկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ:

Ինչպես հաղորդում է ՀԱԿ մամուլի ծառայությունը, դեսպանի խնդրանքով, Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները և դրանց վերաբերյալ իր մոտեցումները:

«Առաջին նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի առջև ծառացած ներքին մարտահրավերներին, մասնավորապես, համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների և հեռուստաեթերում բազմակարծության և տնտեսական մրցակցության բացակայությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր», – նշված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Առաջին խորհրդական Իզաբել Գինելը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: