Հայաստանում գործող մի շարք կայքեր, որոնք որոշակի վճարի դիմաց աշակերտներին մատուցում են տնային առաջադրանքների լուծումները, պարզվում է` ուղղակի կապ ունեն ՀՀ կառավարությանն առընթեր Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթն ընդգծում է, որ այդ կայքերից մեկի հղումը տեղադրված է հենց ԳԹԿ պաշտոնական կայքում:
«Սույն նորամուծության շնորհիվ` աշակերտներն այսուհետ կարող են գլուխ չկոտրել այս կամ այն խնդրի լուծման համար, այլ պատրաստի լուծումը պարզապես copy paste անել կամ պարզապես արտագրել», – գրում է թերթը՝ նշելով, որ աշակերտը կարող է sms հաղորդագրության միջոցով ստանալ գաղտնաբառը, տեղադրել կայքի համապատասխան հատվածում և տեսնել պատասխանը: Մեկ պատասխանի գինը տատանվում է 40-ից 200 դրամի սահմաններում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը թերթի հետ զրույցում նշել է, որ տեղեկատվական դարաշրջանում անհնար է վերահսկել նման տեսակի երևույթները և նշել, թե ծնողի խնդիրն է բացատրել երեխային, որ արտագրելը, բարձր արհեստական գնահատական ստանալը այն չէ, ինչ իրենից ակնկալում են:
Այն հարցին, թե արդյոք նման կայքերը գործում են ԳԹԿ-ի հովանու ներքո, Աշոտյանը պատասխանել է. «Ես չգիտեմ: Շնորհակալ կլինեմ, եթե դուք ձեր լրագրողական հետաքրքրության արդյունքում գտնեք շահագրգռություն այդտեղ և շահերի բախում կրթական գործող համակարգի ինստիտուտներից որևէ մեկի հետ: Այդ դեպքում խոստանում եմ ապահովել շահերի տարանջատումը»:
ՀՀ ԿԳ փոխնախարար, ԳԹԿ խորհրդի նախագահ Մանուկ Մկրտչյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշել է, որ չգիտի, թե նման հղում տեղադրված է ԳԹԿ-ի կայքում: Նա խոստացել է խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ ԳԹԿ տնօրենից: Ըստ Մկրտչյանի՝ նմանատիպ կայքերի գոյությունը չի կարող բացասաբար անդրադառնալ կրթության որակի վրա: