Այն, ինչ այսօր կատարվում է Վրաստանում, ժամանակավոր երևույթ է, որը հիմնարար կերպով հակասում է ժողովրդավարության գլխավոր սկզբունքներին: Այս մասին Քութաիսի քաղաքային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը նշել է, որ 9 տարվա ընթացքում իրենք «դատարկ տեղում պետություն են կառուցել»:
«Վրաստանյան պետականության կարևորագույն մասը պետական ինստիտուտներն են: Ինստիտուտները, որոնք օրենքի գերակայությամբ են առաջնորդվում, այլ ոչ թե հիմնվում են ամբոխի թելադրանքի վրա: Այդ իսկ պատճառով 200, 100, 20, 500 մարդ չի կարող փոխարինել պետական ինստիտուտները», – ասել է Վրաստանի նախագահը:
Նա նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում 2010 թվականին ընտրվածները հեռանալու են 2014-ին:
«2013-ին մեզ մոտ նախագահական ընտրություններն են, իսկ 2014-ին՝ ՏԻՄ ընտրությունները: Մինչ այդ պահը ոչ ոք իրավունք չունի դիպչել տեղական ինստիտուտներին: Ես գիտեմ, որ այստեղ ձերբակալել են մարդկանց տարբար սարքված մեղադրանքներով, բայց դրանց հեղինակները պետք է ամաչեն: Այս ամենը չի նշականում, որ մենք պետք է հրաժարվենք պետականությունից: Այն մարդիկ, ովքեր շտապում են, լավ գիտեն, որ մինչև 2014 թվականը իրենք շանս չեն ունենալու: Ես ձեզ հետ եմ մինչև վերջ, պայքարելու եմ նրա համար, որպեսզի Վրաստանը չդադարի զարգանալ», – ասել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած ընտրություններում Սահակաշվիլիին սատարող դաշինքը պարտություն կրեց Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական ուժից, որի արդյունքում Իվանիշվիլին դարձավ վարչապետ և ձևավորեց սեփական կառավարությունը:
Սահակաշվիլին այս պահին որոշումներ կայացնելու սահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ Սահմանադրությունում կատարած փոփոխություններից հետո երկրի վարչապետն ավելի լայն լիազորություններ ունի:
Իվանիշվիլիի իշխանության օրոք ձերբակալվել են Սահակաշվիլիի թիմի մի շարք գործիչներ, ոմանց նկատմամբ հետախուզություն է հայտարարված: