2012թ. զորակոչիկների և զինծառայողների իրավունքների խախտման հետ կապված ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 24 քաղաքացի. այդ դեպքերից 16-ը կապված են առողջական խնդիրների հետ:
2012 թվականի ընթացքում կազմակերպության աջակցությանը դիմելուց հետո զինծառայողներից երկուսը վաղաժամ զորացրվել են, իսկ մեկը ստացել է տարկետում: Այս վիճակագրությունը զետեղված է «Բժշկական ծառայության հետ կապված զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակի մասին» զեկույցում:
2011-12 թթ-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած 8 զորակոչիկներից 3-ը, և 12 զինծառայողներից՝ 2-ը ազատվել են ծառայությունից:
Ըստ Արթուր Սաքունցի և Արթուր Մինասյանի, ովքեր այսօր ներկայացրել են զեկույցը, զինծառայողի պիտանելությունը որոշելու հարցը չի կարգավորվում որևէ նորմատիվ ակտով: Այսինքն՝ հստակ չէ, թե ինչ տիպի ծառայություն են ենթադրում շարային և ոչ շարային ծառայության տեսակները:
Զեկույցի համահեղինակներից Արթուր Մինասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ՊՆ-ն այս մասին առաջին հարցմանը պատասխանել է՝ ասելով, որ նման ակտ չկա, երկրորդ անգամ նշել է, որ այդ նորմատիվ ակտը վերանայվում է: Այսօր կայացած զեկույցի քննարկմանը ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Մանուկյանն ասել է, որ այդ առնչությամբ կա նախարարի հրաման, սակայն այն հրապարակման ենթակա չէ: Արթուր Սաքունցը հակադարձել է, թե մարդու իրավունքների վերաբերյալ ակտը չի կարող գաղտնի լինել:
Ըստ զեկույցի՝ իրավական փաստաթղթերի թերություններից է նաև Պաշտպանության նախարարի 175 որոշումը, որով սահմանվում են, թե որ հիվանդությունների դեպքում ինչ ծառայություն է նախատեսվում:
«Այդ հրամանը ընդգրկուն չէ, քանի որ ոչ բոլոր հիվանդություններն են ներառված: Երկրորդ՝ դրանք չեն համապատասխանում միջազգային բնորոշմանը և կամայական կիրառման հնարավորություն են տալիս», – ասել է Արթուր Մինասյանը՝ սա համարելով զորկոչիկների բժշկական օգնության տրամադրման ամենամեծ խնդիրը:
Բացի դա, ըստ Մինասյանի, զորակոչիկին հաճախ չի տրվում փաստաթուղթ իր առողջական վիճակի գնահատման մասին:
Խոսելով զինծառայողների բուժօգնության տրամադրման հետ կապված խնդիրների մասին՝ Մինասյանը նշել է, որ բուժօգնության որակը ցածր է, բացի դա, բուժօգնությունից դժգոհ զինծառայողների համար չկա ըստ էության բողոքարկման մեխանիզմ: