ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմին` իրեն աշխատանքից անօրինական ազատելու և փողերը չտալու համար,գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ղազարյանը ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ է աշխատել: Թերթը նշում է, որ նա ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է հորինած, անձնավորված` պայմանավորված իր քաղաքական հայացքներով:
Ղազարյանը թեև դատարանում պատրաստ է եղել կարծիք հայտնել նաև քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմնավորումները:
Ղազարյանը պատմել է, որ ինքը 2011 թվականի հունիսի 13-ից մինչև հունիսի 24-ը հիվանդացել է և գտնվել է ժամանակավոր անաշխատունակ վիճակում: Կանչ է գրել պոլիկլինիկա, որպեսզի հետագայում անաշխատունակության թերթիկը հանձնի աշխատավայր: Երկշաբաթյա բուժումից հետո Արմենը ներկայացել է աշխատանքի, զեկուցագիր է գրել իրավաբանական բաժնի պետ Լիլյա Հակոբյանի անունով՝ մեկ ժամով բացակայելու և անաշխատունակության թերթիկը ներկայացնելու համար: Բաժնի պետն էլ ԱԱԽ աշխատակազմի ղեկավարին է նույնաբովանդակ զեկուցագիր ներկայացրել, որպեսզի թույլատրեն մեկժամյա բացակայությունը: Սակայն զեկուցագրերը հետ են վերադարձվել, իսկ Արմենին տեղեկացրել են, որ հիվանդանալու հաջորդ օրվանից՝ հունիսի 14-ից, նա այլևս չի աշխատում:
Ազատման պատճառը 2011 թվականի փետրվարի 11-ին, 14-ին, 15-ին և 16-ին անհարգելի բացակայելն է:
Թերթը գրում է, որ երբ Արմենը Արթուր Բաղդասարյանի հրամանը տարել է տուն, պաչզել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հրամանում արտացոլված հոդվածների կետերն այլևս գոյություն չունեն, փոխվել են: Արմենն այդ մասին հայտնել է դատարանին՝ նշելով, որ ինքն այդ օրերին էլ չի բացակայել:
Ղազարյանի խոսքով՝ եթե անգամ ընդունել, որ ինքը 4 օր բացակայել է, ապա կարող էր կիրառվել կարգապահական տույժերից որևէ մեկը: Աշխատանքից ազատվածն ընդգծել է, որ, ըստ ԱԱԽ աշխատակազմի ներքին կարգի աշխատողների մուտքն ու ելքը իրականացվում է քարտային համակարգի միջոցով, որը ստուգվում է շաբաթվա վերջին և զեկուցվում աշխատակազմի ղեկավարին: Եթե ինքը բացակայած լիներ, ապա բացակայությունները հաշվի կառնվեին ավելի շուտ, իսկ իրեն 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան չէր շնորհվի:
ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչ Եկատերինա Ասատրյանն առարկել է հայցի դեմ՝ ներկայացնելով մուտքի հսկողության համակարգի սերվերի տվյալները, որում բացակայությունները ֆիքսված են եղել: Դատարանը հարցում է արել համակարգը ծրագրավորող «ԱՌՍ-Զվեզդա» ընկերությանը, որտեղից պատասխանել են, թե տեխնիկապես դա հնարավոր է, սակայն այս դեպքում տվյալները չեն փոխվել: Ղազարյանն այս փաստը կասկածի տակ է դրել, սակայն դատարանը որոշում է կայացրել հօգուտ ԱԱԽ-ի, ինչից հետո հայցվորը այն բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որը պետք է որոշումն օրերս կայացնի: