Ընտրություններին չմասնակցելու և ոչ մի թեկնածուի չսատարելու ԲՀԿ-ի որոշմամբ սկիզբ դրվեց բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու գործընթացին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` մեկնաբանելով վերջին 10 օրվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումները:
Նա նշել է, որ «պետք է դրվատանքի խոսքեր ասել պարոն Ծառուկյանին, ով դիմադրեց իր թիմակիցների ցանկություններին»:
Շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարին անդրադառնալով՝ Մելիքյանն ընդգծել է, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթն ինքնագովեստ էր, ինչը կանխատեսելի էր, և նա խոսքեր է հնչեցրել, որոնք իրականության հետ որևէ կապ չունեին:
«Իշխանությունը քաղաքական վակուումի մեջ է, ինքն իրեն երգում է, ինքն իրեն ծափ է տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ հասարակությունը որևէ ակնկալիքներ այլևս չունի», – ասել է Մելիքյանը:
ՀՀՇ համագումարի արդյունքների մասին կանխատեսումներ անելու խնդրանքին Մելիքյանը պատասխանել է, թե, հավանաբար, վաղը կլինի առաջարկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը առաջադրելու մասին, ինչը կմերժվի և դա կլինի խելամիտ որոշում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:
Քաղաքական գործիչը նշել է, որ որոշելու է իր թեկնածության առաջադրելու հարցը առաջիկա 8-10 օրերի ընթացքում: Հիշեցնենք, որ Մելիքյանը առաջադրվել էր նաև 2008 թվականի նախագահական ընտրություններին, ըստ պաշտոնական արդյունքների, ստանալով 4399 քվե: