Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ օգտատերերի և բլոգերների հետ: Կարևորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսևորումները, որոնք հատկապես կառուցողական և դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաև սոցիալական մի շարք հարթակներում և, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջի առկայությունն իր հերթին հնարավորություն է տալիս տեղեկանալու քաղաքացիական ակտիվ հարցադրումներին, բարձրացված խնդիրներին:
«Դրական եմ վերաբերվում համացանցում հնչող առողջ քննադատություններին և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը իր ողջ թիմով պատրաստ է և լսում է բոլոր կառուցողական առաջարկները»,- Մարգարյանի խոսքերն է փոխանցում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները:
Հանդիպման ավարտին քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ կառուցողական ցանկացած առաջարկության և քննարկումների համար: